14/04/2021 22:41
Փաշինյանի մերժել է արժանապատիվ խաղաղությունը, տալով հազարավոր զոհեր. ազգակործան պատուհասը պոզով-պոչո՞վ ա լինում. Զուրաբյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա խոսքի համաձայն, Լևոն Տեր-Պետրոսյանը 2018 թվականին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նրան առաջարկել է ընդունել Մինսկի խմբի համանախագահների պլանը։
ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այդ պլանի վերջին տարբերակը ներկայացվել է 2019 թվականի հունիսին։ Այդ պլանի բովանդակությունը, ըստ Զուրաբյանի, ներկայացված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հրապարակման մեջ։
«Համաձայն այդ պլանի՝ Ադրբեջանին պետք է վերադարձվեին հինգ շրջանները, հայկական կողմը պահպանում էր վերահսկողությունը ամբողջ ԼՂԻՄ-ի և Լաչինի ու Քելբաջարի շրջանների նկատմամբ, իսկ այդ շրջանների վերադարձը կապվում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի լուծման հետ, այսինքն՝ թողնվում էր ապագա սերունդներին։ Հաստատվում էր խաղաղություն, որի պայմաններով Ադրբեջանը ստանձնում էր ուժի չկիրառման միջազգային պարտավորություն։
Հիմա ի՞նչ է ստացվում. Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքի համաձայն, նա մերժել է արժանապատիվ խաղաղության այս նպաստավոր առաջարկը և երկիրը ներքաշել կործանարար պատերազմի մեջ, տալով հազարավոր զոհեր, ավերելով Ղարաբաղը, կորցնելով Շուշին, Հադրութը, Քելբաջարը և Լաչինը, և պատճառելով Հայաստանին անթիվ-անհամար բարոյական, հոգևոր եւ տնտեսական կորուստներ։ Ազգակործան պատուհասը պոզով-պոչո՞վ ա լինում», - նշել է Զուրաբյանը։