14/04/2021 14:35
Դիմակ չկրելու պատճառով 54 համարի երթուղայինում քաղաքացուն սպանած անձը դիմել է փախուստի
Երևանում՝ Պարոնյան-Լեո խաչմերուկում, ապրիլի 14-ին 54 համարի երթուղին սպասարկող «Գազել»-ում գրանցված սպանության դեպքով հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով, Aysor.am-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Նախնական վարկածով՝ դիմակ չկրելու պատճառով քաղաքացիների միջև ծագել է վիճաբանություն, որը դարձել է սպանության առիթ։ Սպանվածը մոտ 50 տարեկան տղամարդ է», - նշեց Արևիկ Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց, որ սպանության մեջ կասկածվողը դիմել է փախուստի, միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Հիշեցնենք՝ այսօր սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան-Լեո խաչմերուկում՝ թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելի» մեջ դի կա:
Ոստիկանները նշված ավտոմեքենայի մեջ, հետևի նստարանին, հայտնաբերել են տղամարդու դի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի մեջ մեկ այլ քաղաքացի դանակով հարվածել է ուղևորի կրծքավանդակին, ով տեղում մահացել է