14/04/2021 11:22
Միջազգային հանրությունը հայկական կողմի առաջ խնդիր է դրել՝ ավելի շատ զիջումներ արա, որպեսզի հնարավոր լինի Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ. ՀՀ վարչապետ
Մեր իրականության մեջ ստեղծվել է այսպիսի ըմբռնում, թե այն կողմը, որը բանակցություններում, այսպես ասած, ցուցաբերում է ոչ կառուցողական մոտեցում, այդ կողմի նկատմամբ միջազգային հանրությունը ճնշումներ է գործադրում նրան կառուցողական դաշտ բերելու համար, խորհրադարանում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մի X պահից սկսած՝ առնվազն 2011թ. սկսած, երբ ադրբեջանական կողմը որդեգրել է ապակառուցողական դիրքորոշում, միջազգային հանրությունը ոչ թե Ադրբեջանին համոզել է, որ կառուցողական դաշտ գա, այլ հայկական կողմի առաջ խնդիր է դրել՝ ավելի շատ զիջումներ արա, որպեսզի հնարավոր լինի Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ, ընդ որում, այն պնդումները, որ հանրաքավեի շուրջ պայմանավորվածություններ կան, մոլորության փորձ է», - նշեց երկրի վարչապետը:
Նրա խոսքով՝ բանակցային փաթեթներում եղել է հանրաքվեի դրույթ, և ասվել է, որ հանրաքվեն պետք է արտահայտի ԼՂ ամբողջ բնակչության ազատ կամարտահայտումը: Վարչապետն ասաց՝ թվում է՝ ամեն ինչ նորմալ է, բայց, նրա խոսքով, չկա ընդգծում՝ որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն:
«Հանրաքվեի արեալը նկարագրված չէ, սա սկզբունքային կարևոր հարց է: Ադրբեջանը միշտ ունեցել է այն դիրքորոշումը, որ իր Սահմանադրության համաձայն միջազգայնորեն իր տարածքի մաս համարվող որևէ հատվածի կարգավիճակի հարց կարող է ճշգրտվել միայն այնպիսի հանրաքվեով, որը պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում: Սա եղել է բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշումը: Հաջորդ հարցը՝ ի՞նչ է նշանակում ԼՂ ամբողջ բնակչություն. Ադրբեջանի մեկնաբանմամբ՝ նշանակում է ներքին տեղահանվածներ, այդ թվում՝ տեղահանումից հետո ծնված նրանց ընտանիքի անդամներ: Իսկ ո՞վ է ձևակերպելու հարցը՝ այս հարցին նույնպես հստակ պատասխաններ չեն եղել», - ընդգծեց Փաշինյանը: