14/04/2021 11:02
Հոկտեմբերի 19-ից հետո Ադրբեջանը ակնարկել է, որ ոչ թե պետք է լինի 5+2 բանաձևով տարածքների վերադարձ, այլ՝ 7 տարածքի վերադարձ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից պարզապանեց հոկտեմբերի 19-ին և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները: Նա նաև նոր դետալներ ներկայացրեց Ադրբեջանի տարածքային ակնկալիքներից:
«Շատ է շահարկվել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին և դրանից հետո: Տեղի է ունեցել հետևյալը, վերլուծելով իրադրությունը և խորհրդակցելով Արցախի նախագահի և ԶՈւ ԳՇ-ի հետ, ես որոշել եմ, որ մենք պետք է որոշակի, այո, նաև ծանր զիջումների ճանապարհով հասնենք հրադադարի, և այդ կապակցությամբ հրավիրել եմ Անվտանգության խորդի նիստ: Որից հետո զանգահարել եմ ՌԴ նախագահին և ասել, որ մենք ուզում ենք հրադադար Ադրբեջանի տարածքների 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով: Մենք արձանագրել ենք, որ ՌԴ նախագահի հետ ունենք իրադրության հաղթահարման ընդհանուր ձևակերպում: Փախստականների վերադարձի հարց է եղել, ես ասել եմ, որ մենք սկզբունքորեն այդ հարցի հետ կապված առարկություն չունենք, չենք ունենա, եթե հարցն ինչ-որ կերպ փոխկապակցենք ԼՂ կարգավիճակի ճշգրտման գործընթացի հետ: ՌԴ նախագահն Ադրբեջանի նախագահի հետ խոսակցություն է ունեցել, որի արդյունքում պարզ է դարձել, որ այդ կողմը կտրականապես չի ընդունում Հադրութի շրջանի դեօկուպացիայի մեր առաջարկը, երկրորդ՝ պահանջում է, որպեսզի տեղահանվածների հարցը, այդ թվում՝ Շուշին, չկապվի կարգավիճակի ճշգրտման հետ», - մանրամասնեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ակնարկվել է, որ ոչ թե պետք է լինի 5+2 բանաձևով տարածքների վերադարձ, այլ պետք լինի 7 տարածքի վերադարձ:
«Դա ասվել է որպես ակնարկ այն դեպքի համար, եթե մենք մինչև այս կետը առաջադրված պայմաններին համաձայնենք», - ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը կտրականապես հրաժարվել է օրակարգային հարցի կարգավիճակով քննարկել ԼՂ կարգավիճակի հարցը:
«Եվ սա եղել է 2016թ. քառօրյա և 2020թ. 44 օրյա պատերազմների հիմնական պատճառ», - ասաց Փաշինյանը: