15/04/2021 14:13
Վարչապետն է գաղտնի տեղեկատվությունը հրապարակել, նա էլ պետք է ապացուցի, որ ինքն է ճիշտ ասում և ոչ թե Օնիկ Գասպարյանը. Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է, որ պատերազմի հետ կապված ճշմարտությունն իմանալու համար քննություն է պետք:
«Վարչապետի ասածն Օնիկ Գասպարյանը հերքում է: Քանի որ վարչապետը ինքն է գաղտնի տեղեկատվությունը հրապարակել, այսինքն՝ ԱԽ նիստի արձանագրությունից հղում արել, ինքն էլ պետք է ապացուցի հրապարակայնորեն, որ ճիշտ է ասում և ոչ թե գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը: Ես պնդում եմ՝ մեզ քննություն է պետք, ճշմարտությունը պարզել է պետք, այլապես, ով ավելի բարձր է կարողանում գոռալ ամբիոնից, պարզվելու է՝ ինքն է ճիշտ ասում: Այդպես չէ», - ասաց Մարուքյանը:
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում Փաշինյանը հայտարարել է, որ Օնիկ Գասպարյանը չի ասել՝ «2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար», հակառակը, ասել է՝ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել:
Գասպարյանն էլ հերքել էր վարչապետի ասածը. «Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից չէր կարելի սպասել: Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը»: