15/04/2021 13:50
Պատմությունն Ադրբեջանի ուժեղ կողմը չէ. ԱԳՆ խոսնակի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը
Զավեշտալի է, երբ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ իր բնօրրանում տարածքային պահանջներ է ներկայացնում մի երկրի ղեկավար, որի անվանումն անգամ Հարավային Կովկասի տարածքում ունի միայն մեկդարյա պատմություն թե՛ քաղաքական և թե՛ անգամ աշխարհագրական առումներով, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանում վերջին հարյուր տարում ընթացել և ընթանում է նոր ինքնության ձևավորման գործընթաց, սակայն հարկ ենք համարում վերստին ընդգծել, որ պատմությունն Ադրբեջանի ուժեղ կողմը չէ:
Նմանօրինակ սադրիչ հայտարարությունները խաթարում են տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար», - ասել է Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողն է։