15/04/2021 15:15
«Ալիևին չճանաչողները նրա շրթունքները համեմատում են գրեթե Ջոկոնդայի հետ». Դավիթ Բաբայանը պնդում է՝ ավելի շատ գերիներ կան Ադրբեջանում, քան ներկայացվում է
Գերիների հարցն ամենակարևոր խնդիրներից մեկն է, որը միշտ քննարկում ենք, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
«Ադրբեջանը չի հրապարակում հստակ թիվ, իսկ եթե չի հրապարակում, բնական է, ինչ-որ խնդիր ունի, ինչ-որ ծրագրեր ունի ու չի բացառվում, որ այդ ծրագրերն ինչ-որ տեղ լինեն հանցավոր», - ասաց նա։
Բաբայանը նշեց, որ միջազգային հանրությունը պետք է ունենա ավելի մեծ հնարավորություն գերիների հարցի քննարկման ու դրական լուծման գործում։
Արցախի ԱԳ նախարարի խոսքով՝ գերիների հարցով բոլոր դռները պետք է թակել։
«Արցախյան առաջին պատերազմից հետո ադրբեջանցիները հայ ռազմագերիներին, պատանդներին գրանցոմ էին որպես ադրբեջանցիներ ու որպես հասարակ հանցագործներ պահում էին բանտերում, միջազգային հանրությունը չէր կարողանում ինչ-որ տեղ մշտադիտարկում անել։ Իսկ ո՞վ է իմանում, միգուցե, հիմա էլ է այդպես, բայց այն, որ ավելի շատ մարդ կարող է լինել, քան Ադրբեջանն է ներկայացնում, փաստ է», - ասաց Դավիթ Բաբայանը։
Նա նշեց՝ Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը։
«Պետք է մեր մեջ վհատություն չլինի, Ադրբեջանին մենք ավելի լավ ենք ճանաչում, միգուցե, մարդիկ կան, որ չեն ճանաչում, դրա համար Ալիևի շրթունքները համեմատում են գրեթե Ջոկոնդայի հետ, բայց մենք ավելի լավ գիտենք», - ասաց Արցախի ԱԳ նախարարը։