15/04/2021 11:25
Հայաստանում կկառուցվի առաջին սանիտարական աղբավայրը
Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տրվել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքների պաշտոնական մեկնարկը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր՝ իր բոլոր ենթակառուցվածքներով՝ այդ թվում հողի, ստորգետնյա ջրերի և օդի աղտոտվածության բացառման համար նախատեսված ենթակառուցվածքներով, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքերով ու ճանապարհային ուղիներով։ Երկու մարզի բնակավայրերում կներդրվի աղբահանության արդյունավետ համակարգ, Կոտայքի մարզի Ակունք և Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքներում կկառուցվեն աղբի փոխաբեռնման կայաններ։
Ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո է, որից 5,5 մլն եվրոն՝ հանդիսանում է վարկային միջոց, 5,5 մլն եվրոն` դրամաշնորհ: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականին։