15/04/2021 15:05
Գոռ Գևորգյանի նկատմամբ վարչապետի ագրեսիան ուղղված էր «Իմ քայլի» պատգամավորներին. մտավախություն ունեն, որ խմբակցությունից դուրս եկողներ կլինեն. Թագուհի Թովմասյան
Դա առաջնահերթ ուղղված էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, մեկնաբանելով խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը «Իմ քայլից» դուրս եկած Գոռ Գևորգյանին, ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Հարցին չպատասխանելու ագրեսիան ուղղված էր ավելի շատ «Իմ քայլի» պատգամավորներին: Կարծում եմ՝ ներսում մտավախություն կա, որ ինչ-որ մեկն էլ է որոշել դուրս գալ խմբակցությունից, և հիմա խնդիր կա որևէ մեկին ապացուցելու, որ եթե դուրս գաս և նստես Գոռ Գևորգյանի կողքին, քեզ այս ապագան է սպասվում», - ասաց Թովմասյանը:
Հիշեցնենք՝ երեկ Նիկոլ Փաշինյանը Գոռ Գևորգյանին դիմելով՝ ասաց. «Էդ որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք»: Վարչապետը նաև հրաժարվեց պատասխանել «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորի հարցերին:
«Եթե չգիտեին՝ ով է Գոռ Գևորգյանը, ինչպե՞ս էին ներկայացնում իրենց ցուցակում և այդ ցուցակը որակում ներկայանալի ցուցակ», - ավելացրեց Թագուհի Թովմասյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ ինքը, Գոռ Գևորգյանն ու Սոֆյա Հովսեփյանն օրինագիծ են ներկայացրել՝ առաջարկելով, որ կառավարության անդամը պարտավոր է մոտենալ ամբիոնին և պատասխանել պատգամավորների բանավոր հարցերին:
Եթե չունի պատասխան, պարտավոր է հիմնավորել ամբիոնից՝ ինչու չի կարող պատասխանել: