16/04/2021 09:28
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցում հրդեհի հետևանքով կան տուժածներ. տարհանվել է 11 հիվանդ. մանրամասներ
Այսօր՝ լուսադեմին, Հերացի հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Նախնական վարկածի համաձայն, պացիենտի կողմից հիվանդանոցային անվտանգության կարգի խախտում է արձանագրվել, հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով, հաղորդում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
«Բուժաշխատողները, մինչև համապատասխան մասնագետների ժամանումը, փորձել են մարել հրդեհը, ինչի արդյունքում բաժանմունքի բժիշկը վնասել է ձեռքը, անվտանգության կարգը խախտած քաղաքացին տեղափոխվել է Այրվածքաբանական կենտրոն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։34-ին, մարվել՝ 06։43-ին։ Մասամբ այրվել են երկու ներքնակ (մոտ 2 քմ) և երկու պահարան։ Այրվածքներ են ստացել հիվանդ Ս․ Ա․-ն և բժիշկ Մ․ Հ․-ն։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տարահանվել է 11 հիվանդ։
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների աշխատանքի արդյունքում հրդեհը մարվել է և որևէ այլ տուժած՝ բացի բժշկից ու պացիենտից չկա»,-նշել է Դանիելյանը։