16/04/2021 14:33
Ուժային կառույցներն իրավունք ունեն օրինական ուժ գործադրելու, երբ կհատվեն գծեր. ՀՀ վարչապետ
Ոստիկանության օրվա առթիվ հրավիրված կոլեգիայի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոնարհումի խոսքերն է ասել Հայրենիքի համար ընկած Ոստիկանության բոլոր ծառայողներին և նրանց ընտանիքներին ու ընդգծել, որ նրանց հիշատակի առաջ մեր մեծագույն պարտավորությունն ու նրանց հիշատակի նկատմամբ մեր մեծագույն ծառայությունը կլինի իսկապես ուժեղ, արդար, օրինական երկիր ստեղծելը:
«Մենք խոսեցինք պատերազմի ժամանակ ընկած մեր ոստիկանների մասին, բայց ուզում եմ ընդգծել նաև մեր այն ոստիկաններին, ովքեր զոհվել են հանցավորության դեմ պայքարի ընթացքում, որովհետև նրանք նույնպես հանուն Հայրենիքի, ժողովրդի, իրավունքի և օրիանականության են տվել իրենց կյանքը: Մեր խոնարհումի խոսքերը մեր բոլոր ընկած ոստիկաններին, մեր զորակցության խոսքերը հաշմանդամություն ստացած մեր բոլոր ոստիկաններին», - ասել է նա։
Նիկոլ Փաշինյանը նշել է, թե Հայաստանի Հանրապետությունը և նաև Ոստիկանությունն ամեն ինչ կանեն և ամեն ինչ անում են «մեր այդ գործընկերների, նրանց ընտանքիների կողքին լինելու համար։
«Եվ ուզում եմ կրկին անգամ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ Հայաստանի Հանրապետությանը կատարված ծառայության համար, օրինականությանը, իրավակարգին, հասարակական կարգին ձեր մատուցած ծառայությունների համար: Պարոն Ղազարյան, ձեր գլխավորությամբ: Համոզված եղեք, որ այդ աշխատանքն արժանի է և արժանանում է բարձր գնահատանքի: Եվ ուզում եմ ընդգծել, որ հիմա համատեքստն այնպիսին է, որ այդ աշխատանքը բարձր գնահատանքի արժանանում է ոչ միայն կառավարության, այլև ընդհանրապես հանրության կողմից», - ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ շատ կարևոր է արձանագրել, որ գուցե այս ժամանակահատվածում տեղի ունեցածը և իրավիճակի կառավարման ու հանգուցալուծման որակը դեռևս իրենք ի վիճակի չենք գնահատել, որովհետև դեռևս պրոցեսի մեջ են։
«Բայց համոզված եղեք, որ դա կարժանանա շատ բարձր գնահատանքի, որովհետև, ասում եմ, կպարզվի, որ աշխարհում ուղղակի նախադեպ չի եղել, որ այսպիսի ծանր իրադրության մեջ հայտնված երկիրը, այսպիսի բաժանարար գծերի տիրությում հայտնված երկիրը կարողանա ներքաղաքական, ներքին հանրային դիմակայությունը հանգուցալուծել այսպիսի պայմաններում, որի արդյունքում ոչ թե ատելությունը խորանա, այլ հակառակը՝ ռեալ և իրական նախադրյալներ ստեղծվեն ամբողջ ժողովրդի, հանրության համախմբման համար, մեր պետության առաջ ծառացած մարտահրավերները հանգուցալուծելու համար: Այնուամենայնիվ սա, իհարկե, չի նշանակում, որ մենք պիտի մոռանանք կամ ուրիշները պիտի մոռանան, որ Ոստիկանությունը, իրավապահ մարմիններն ուժային կառույցներ են և իրավունք ունեն օրինական ուժ գործադրելու բոլոր այն դեպքերում, երբ, իհարկե, օրենքը խախտելու հակվածություն ունեցող մարդիկ, շրջանակները կհատեն գծեր, որը ոչ մեկին չի կարելի», - ասել է Նիկոլ Փաշինյանը։