16/04/2021 14:19
Պատերազմից հետո մենք ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծել ենք առանց բռնությունների. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության օրվա առթիվ մասնակցել է հրավիրված կոլեգիայի նիստին: Մինչ նիստը՝ կառավարության ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին՝ հարգանքի տուրք մատուցելով հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած բոլոր ոստիկանների հիշատակին:
«Արդեն ավելի քան մեկ տարի Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն աշխատում է, մեղմ ասած, գերծանրաբեռնված: Նախ կորոնավիրուսի համավարակը, որն ավելի քան մեկ տարի առաջ սկսեց ծավալվել նաև Հայաստանի Հանրապետությունում, նոր խնդիրներ առաջադրեց պետության և Ոստիկանության համար: Եվ հիմնական գործող ինստիտուտը, որը զբաղվում էր հակահամաճարակային կանոնների պահպանության ապահովմամբ, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն էր: Եվ դա, իսկապես, ոստիկանության սովորական ամենօրյա աշխատանքի համար մի լրացուցիչ ծանրաբեռնվածություն էր: Այսինքն՝ մենք գործ ունեցանք մի իրավիճակի հետ, որով, ըստ էության, Ոստիկանությունը նախկինում չէր զբաղվել, չէր զբաղվում: Այսինքն՝ սա լրացուցիչ մի աշխատանք էր, որը Ոստիկանությունն ստիպված էր կատարել», - ասել է վարչապետը։
Փաշինյանը նշել է, որ 44-օրյա պատերազմում Ոստիկանության ծառայողները, Ոստիկանության զորքերի ծառայողները շատ ուղիղ և գործուն մասնակցություն են ունեցել՝ աչքի ընկնելով իրենց սխրանքներով։
«Ցավոք բազմաթիվ ծառայողներ զոհվեցին հանուն Հայրենիքի: Նաև մի քանի տասնյակ ոստիկաններ ծանր վիրավորում ստացան և ձեռք բերեցին հաշմանդամություն», - նշել է նա։
Վարչապետն ընդգծել է՝ 44-օրյա պատերազմից հետո ներքաղաքական կրքերը բորբոքվեցին, և ինքը գոհունակությամբ նշում է, որ, երևի թե, «մենք հիմա համաշխարհային պատմության համար աննախադեպ մի երևույթ ունենք, որ չնայած ամիսներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում հնչել են սպանելու, գնդակահարելու, մահապատժի ենթարկելու, ջարդելու կոչեր, բայց, ըստ էության, մենք ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծել ենք առանց բռնությունների»։
«Ընդ որում, սա ուզում եմ ընդգծել, որ նաև այն ուժերը, ովքեր հանդես են եկել բռնության կոչերով, իրենք նույնպես հնարավորություն չեն ունեցել բռնություն գործադրել, բացի, իհարկե, ամսի 9-ի, լույս 10-ի գիշերվա իրադարձություններից, երբ մեր Ոստիկանությունը, իրավապահ մարմինների մի հսկայական հատվածը գտնվում էր առաջնագծում՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությանը մասնակցելու: Ես սա համարում եմ մեր իրավապահ համակարգի, այդ թվում՝ Ոստիկանության շատ կարևոր նվաճումն ու ձեռքբերումը, որ մենք կարողացանք գնալ մի ճանապարհով, որը մեզ հնարավորություն տվեց և հնարավորություն կտա ոչ թե ատելության մթնոլորտ սահմանել, ոչ թե թշնամության մթնոլորտ սահմանել, այլ որպեսզի մենք իսկապես համախմբենք Հայաստանի Հանրապետության ժողովրդին, Արցախի ժողովրդին, հայ ժողովրդին մեր պետականության, օրինականության, իրավակարգի շուրջ», - ասել է ՀՀ վարչապետը։