Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտնել է հայկական կողմից կրակոցների մասին
22/04/2021 13:20

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտնել է հայկական կողմից կրակոցների մասին

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել է հայ զինվորականների կողմից Զանգիլանի շրջանի ուղղությամբ կրակահերթերի մասին: Այս մասին տեղեկացնում է «Интерфакс-Азербайджан»-ը:

«Ապրիլի 21-ի երեկոյան Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումները, որոնք տեղակայված են ադրբեջանա-հայկական սահմանի Զանգիլանի շրջանի Սեյիդլյար գյուղում, ենթարկվել են հայ զինվորականների կողմից գնդակոծության: Գնդակոծության են ենթարկվել նաև ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ստորաբաժանումները, որոնք ծառայում են Հայաստանի տարածքում», - ընդգծում է Սահմանապահ ծառայությունը:

Այս միջադեպի կապակցությամբ ռուս սահմանապահները դիմել են ադրբեջանական կողմին և հայտնել, որ «սադրանքն իրականացրել են ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անձինք: Ռուս սահմանապահները խնդրել են իրենց ադրբեջանցի գործընկերներին զերծ մնալ պատասխան գործողություններից»:

«Հաշվի առնելով ռուսական կողմի կոչը՝ ադրբեջանական սահմանապահները ցուցաբերել են զսպվածություն և պատասխան կրակ չեն բացել: Ավելի ուշ ադրբեջանական կողմին հայտնել են, որ այս սադրանքը կատարած հայ զինվորականները հեռացվել են միջադեպի վայրից», - նշում են ծառայությունից:

Բացի այդ, հայկական կողմից 30-40 մեքենաներով մի խումբ անձինք շարժվել են դեպի ադրբեջանա-հայկական սահման՝ Շուռնուխ գյուղի ուղղությամբ: Այս անձինք հայերեն հայհոյանքներ են հնչեցրել:

«ՍՊԾ–ն պաշտոնապես հայտարարում է, որ եթե հետագայում նման սադրանքները կրկնվեն, ադրբեջանական կողմը կձեռնարկի ամենալուրջ պատասխան միջոցները», - նշում են ծառայությունից:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի այս հայտարարությունը դեռ չի մեկնաբանել:

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտնել է հայկական կողմից կրակոցների մասին