30/04/2021 18:03
Մեծամորի ավագ դպրոցի աշակերտները ծանոթացել են ժամանակակից տեխնոլոգիաներին «Ռոսատոմ» պետկորպորացիայի կրթական ծրագրի ՝ «More for Metsamor»-ի շրջանակում
«Ռոսատոմ» պետկորպորացիայի - More for Metsamor նախագիծը վերսկսվել է հարկադիր ընդմիջումից հետո: Մեծամոր քաղաքի թիվ 2 դպրոցի բարձր դասարանների աշակերտների համար նախատեսված կրթական նախագիծը մեկնարկել է 2019 թվականին, և մինչ կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարը, դպրոցականների համար կազմակերպվել են մի շարք կրթական միջոցառումներ և էքսկուրսիաներ: Ապրիլի 30-ին նախագիծը ստացավ երկրորդ շունչը, և աշակերտները, պահպանելով հակահամաճարակային բոլոր անհրաժեշտ նորմերը, այցելեցին Երևանում գտնվող Softconstruct ընկերություն:
«Այսօր ես շատ ուրախ եմ տեղեկացնել «More for Metsamor» նախագծի շրջանակում միջոցառումների վերսկսման մասին։ Ռոսատոմը, հանդիսանալով գիտելիքի կորպորացիա, միշտ աջակցում է նրանց, ովքեր ձգտում են բացահայտել նորը և պատրաստ են ակտիվորեն զարգանալ՝ յուրացնելով բոլոր արդիական միտումները։ Սա է պատճառը, որ նախագծի նոր փուլը սկսվում է հեռավար ուսուցմամբ առավել ժամանակակից հնարավորություններին ծանոթալու համար. Հրաշալի է, որ նման հնարավորությունները ստեղծվել են հենց հայ մասնագետների կողմից և արդեն պահանջված են ոչ միայն իրենց հայրենիքում, այլև նրա սահմաններից դուրս։ Վստահ եմ, որ էքսկուրսիայից հետո տղաները ևս մեկ անգամ կհամոզվեն, որ գիտելիքները հնարավորություն են տալիս բացահայտել մի ամբողջ աշխարհ»,- նշել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն:
Շրջայցի ընթացքում դպրոցականները տեղեկացել են արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների և վիրտուալ միջոցառումների կազմակերպման ծրագրերի մասին: Ընկերության մասնագետները հյուրերին պատմել են հայ ծրագրավորողների մշակած և ամբողջ աշխարհում կիրառվող ժամանակակից լուծումների մասին:
«Մոտ 10 տարի առաջ, երբ հիմնադրվեց մեր ընկերությունը, քչերն էին հավատում, որ մենք կդառնանք ՏՏ ոլորտի առաջատար մատակարարներից մեկը՝ ավելի քան 4000 աշխատակիցներով և աշխարհում 15 մասնաճյուղերով։ Մեր մասնագետների մեծ մասը շատ երիտասարդ է, բայց, չնայած նրանց տարիքին, լուրջ ծրագրային լուծումներ են մշակում, որոնք կիրառվում են շատ երկրներում։ Օրինակ ՝ հաճախորդների հետ շփվելու համար արհեստական ինտելեկտի հիման վրա ծրագիր կամ հարթակ՝ հազարավոր մարդկանց համար վիրտուալ միջոցառումների, ցուցահանդեսների ու կոնֆերանսների կազմակերպման համար, ինչը հատկապես արդիական է համաճարակի պայմաններում։ Ես վստահ եմ, որ Հայաստանում ահռելի թվով տաղանդավոր երիտասարդներ կան, և շատ կարևոր է աջակցել նրանց, մատնացույց անել հնարավորություններն ու մոտիվացնել առաջին քայլը», - ասաց ընկերության տեխնոլոգիական գծով տնօրեն Արման Խաչատրյանը:
«Երեխաները շատ ոգևորված էին նախագծի մեկնարկից, մի փոքր վշտացել էին պարտադրված դադարի պատճառով և անհամբերությամբ սպասում էին դրա վերսկսմանը։ Չէ որ նրանց համար յուրաքանչյուր միջոցառում իրադարձություն է, հնարավորություն ծանոթանալու գիտության և տեխնոլոգիաների աշխարհին և խորհելու իրենց ապագա մասնագիտության մասին։ Իսկ դա լրացուցիչ վստահություն է այն գիտակցումից, որ նրանց աջակցում է խոշորագույն միջազգային կորպորացիան և հաջողակ հայկական ընկերությունները», - ասել է Մեծամոր քաղաքի ավագ դպրոցի տնօրեն Մայիս Նիկողոսյանը:
2021 թվականի ընթացքում Մեծամոր քաղաքի դպրոցականների համար նախատեսված են ճանաչողական և ինտերակտիվ միջոցառումներ, որոնք ուղղված են գիտության և տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը: