30/04/2021 16:04
2020-ին բացահայտվել է կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված շուրջ 227 մլրդ դրամի վնաս
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ 2019-ի համեմատ՝ հանցագործության դեպքերը նվազել են. 2020-ի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26 468 դեպք:
Հաշվետու ժամանակահատվածում նվազել են նաև ավազակություն կատարելու դեպքերը. արձանագրվել է 39 դեպք՝ նախորդ տարվա 62-ի համեմատ: Արձանագրվել է բնակարանային գողության 1258 դեպք՝ 400-ով պակաս 2019-ից: «Մեր ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումները ևս դրական ազդեցություն են ունեցել ծավալների նվազման վրա: Մեր հետևողականության արդյունքում միայն Երևանի բնակֆոնդի շուրջ 33 տոկոսը զինված է համապատասխան կոդավորված դռներով կամ անվտանգության այլ միջոցներով»,-ասաց դատախազը:
2020-ին սպանության դեպքերն աճել են 3-ով: Վերլուծությունների համաձայն՝ դրանց մեծ մասը կենցաղային շարժառիթի հիմքով է:
Դավթյանն ընդգծեց, որ ամենակարևոր ձեռքբերումը սեփականության դեմ ուղղված հանցագործությունների նվազումն է, քանի որ վերջին տասը տարիների ընթացքում հատկապես զգալի են եղել բնակարանային գողությունների դեպքերը:
Զեկուցողը բացասական դինամիկայի առումով առանձնացրեց մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճը՝ հատկապես հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները:
«Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակել է մնալ մեր առաջնահերթությունը: 2020-ի ընթացքում քրեական հետապնդման է ենթարկվել շուրջ 1356 անձ»,-ասաց Դավթյանը: Ըստ նրա՝ կոռուպցիոն հանցագործություններով բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 227 մլրդ դրամի վնաս:
Ըստ «Համաշխարհային բնակչության գնահատում» միջազգային անկախ կազմակերպության տվյալների՝ 0-100 ինդեքսով սանդղակում հանցագործությունների դեպքերով Հայաստանն ամբողջ աշխարհում զբաղեցնում է 12-րդ տեղը:
2020-ին նկատելի է եղել վիրավորանքի, ատելության խոսքի, ագրեսիայի ծավալների աճ: «Բացասական երևույթները ռիսկեր են ստեղծում հանցավորության մակարդակի ավելացման համար: Ուստի, հանցածին իրավիճակները կանխելու հարցում պետության միջամտության անհրաժեշտություն կա: Ներկայացվել է համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարելու նախաձեռնություն», - նշեց դատախազը:
Զեկուցողը վստահեցրեց, որ երկրում հանցավորության մակարդակը վերահսկելի է, և պատկան մարմինները տիրապետում են իրավիճակին: