03/05/2021 13:21
Առաջնագծում դեռ վրաններ ունենք, որոշ դեպքերում՝ ցելոֆանապատ, իսկ ադրբեջանցիները Տեղ համայնքի մոտ խրամատավորվում են. Թագուհի Թովմասյան (Տեսանյութ)
Մեր երկրի սահմաններում անվտանգային խնդիրներ կան, ԱԺ ամբիոնից ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հայտարարելով, որ Արցախն էր Հայաստանի անվտանգության երաշխավորը, ոչ թե Հայաստանը՝ Արցախի:
Վարչապետի՝ իրեն տված պատասխանից հետո Թովմասյանն ասաց, որ առավել մտահոգիչ իրավիճակում հայտնվեց.
«Փաստորեն, ստացվում է, որ ինչ-որ աշխատանքներ են արվում, որոնք մեզ համար, ինձ համար տեսանելի չեն: Արագ ձևավորել ենք առաջնագիծ, որը մինչևը հիմա նույն վիճակում է, կես տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել: Ինձ համար տարօրինակ է, որ աշխատանքներն իրականացվում են անտեսանելի»:
Թովմասյանը նշեց՝ տեսանելի է, որ առաջնագծում դեռ վրաններ ունենք, որոշ դեպքերում՝ ցելոֆանապատ: Իսկ ադրբեջանցիները, նրա խոսքով, Տեղ համայնքի մոտ արդեն տեխնիկայով խրամատավորվում են:
«Պարոն վարչապետ, եթե Ձեզ զեկուցվել է, որ առաջանագծում ինչ-որ բաներ են արվում, կխնդրեի լրացուցիչ ստուգում իրականացնել և պարզել, թե որտեղ են», - Թովմասյանը դիմեց Փաշինյանին:
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատարը, պատասխանելով Թագուհի Թովմասյանի՝ կահավորված առաջնագիծ չունենալու մասին հարցին, հավաստիացրել էր. «Ոչ միայն ադբրեջանցիները, այլև Դուք չեք կարող տեսնել այն ամենը, ինչ արվում է, որովհետև հսկայական մեծամասնությունն արվում է գաղտնի»: