04/05/2021 11:11
Վլադիմիր Վարդանյանը Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը քանդելու փաստով դիմելու է միջազգային հարթակներ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը դիմելու է ԱԺ բարեկամական խմբերի ղեկավարներին և համաշխարհային հոգևոր առաջնորդներին՝ իրազեկելով ադրբեջանցիների կողմից Շուշիում հայկական մշակույթի ոչնչացման մասին:
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները հանել են:
Պատգամավորի խոսքով՝ եթե չստիպեն, որ միջազգային հանրությունն արձագանքի նման իրավիճակներին, ունենալու ենք ոչնչացված հուշարձաններ:
«Գմբեթը քանդվել է հստակ պատճառներով՝ վերացնել հայկական ինքնության վերաբերյալ ցանկացած նշում, ևս մեկ անգամ ընդգծել Ադրբեջանի հայատյաց վերաբերմունքը, վերացնել ճարտարապետական դոմինանտը, որը Շուշիում մշտապես լինելու էր բարձր և տեսանելի ամեն հատվածից, ևս մեկ անգամ հստակ ընդգծել, որ Ադրբեջանը չի ցանկանում որևէ եղանակով հանդուրժել որևէ էթնիկ հայի ներկայությունն այդ տարածաշրջանում», - նշեց Վարդանյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ նոր քրեական օրենսգրքի նախագծում իր նախաձեռնությամբ միջազգային հանցագործությունների շարքում հանցագործություն է ավելացվել, որը վերաբերում է ազգային, ռասսայական, կրոնական կամ այլ պատկանելության պատճառներով որևէ խմբի մշակութային արժեքների ոչնչացմանը: