05/05/2021 11:24
Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվել է. նախկին նախարարին մեղադրանք է առաջադրվել 309-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով
Մարտի 1-ի գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը Հատուկ քննչական ծառայությունում վերաորակվել է։
«Միքայել Հարությունյանն այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի փոխարեն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով», - Aysor.am-ին հայտնեցին ՀՔԾ-ից:
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգի տապալումը։ Հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
309-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Ապրիլի 9-ին Միքայել Հարությունյանը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայից փոստային առաքման միջոցով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել: Հաղորդման համար հիմք էր հանդիսացել այն փաստը, որ «նախաքննություն իրականացնող մարմինը, հանձինս գործը քննող քննիչի, անտեսելով ՀՀ ՍԴ 26.03.2021 թ-ի ՍԴՈ- 1586 որոշումը, ըստ որի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր, շարունակում է այդ հոդվածով քրեական հետապնդում իրականացնել Միքայել Հարությունյանի նկատմամբ, ինչով կատարում է ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 4րդ մասով նախատեսված հանցագործություն»: