05/05/2021 12:36
44-օրյա պատերազմն ապրիլյան պատերազմի շարունակությունն էր. Անդրանիկ Քոչարյան
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցում կան դրվագներ, որոնք համապատասխան մարմինները պետք ուսումնասիրեն՝ զինվորական դատախազությունը, գլխավոր դատախազությունը, քննչական մարմինները, լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ, իմքայլական Անդրանիկ Քոչարյանը:
Հարցին, թե ապրիլյան պատերազմում Հայաստանը հաղթե՞լ է, թե՞ պարտվել, պատգամավորը պատասխանեց.
«Սերժ Սարգսյանն ասում է՝ «ես հաղթել եմ Իլհամ Ալիևին», բայց կա 1994 թ. զինադադարի պայմանագրի խախտում, դեմարկացիոն գծի խախտում և դա ի օգուտ Ադրբեջանի: Հիմա մենք հաղթե՞լ ենք, թե՞ չէ: 1994 թ. զինադադարը խախտված է, որը եռակողմ էր՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան: Հարց կառաջանա՝ ինչո՞ւ էն ժամանակ ստացվեց հրադադար անել, հիմա չստացվեց: Եթե համապատասխան հնարավորություն լինի, քննիչ հանձնաժողովը հնարավորություն կունենա հարցի պատասխանը գտնելու»:
Քոչարյանն ընդգծեց, որ իրենք դավադիրներ չեն փնտրել, դավադիրներ, եթե լինեն, կգտնվեն:
«Փորձել ենք հասկանալ մեր պարտության կամ 2016 թ. մեր ձախողումների խորքային պատճառները, ոչ թե մակերեսային՝ էս դիրքում էս էր, վառելիք կա՞ր, սնունդը պակա՞ս էր: Պատերազմի ժամանակ պակասություններ լինում են, այլ բան է՝ կառավարման մեջ մեր բացթողումներն անշրջելի հետևանք ունեցե՞լ են, թե՞ ոչ», - նշեց հանձնաժողովի նախագահը՝ հնչեցնելով պատասխանը՝ պարզել են:
Նա նկատեց՝ պարզել են նաև, թե հայկական կողմը երբ է իմացել, որ Ադրբեջանը լայնածավալ գործողություններ է սկսելու.
«Իմ ելույթում նշված է ժամերով, րոպեներով»:
Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց նաև, որ 44-օրյա պատերազմն ապրիլյան պատերազմի շարունակությունն էր: