05/05/2021 11:47
Լենա Նազարյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է Չինաստանի տրամադրած «ԿորոնաՎակ» պատվաստանյութով
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է Չինաստանի տրամադրած «ԿորոնաՎակ» պատվաստանյութով: Նա ֆեյսբուքյան էջում պատվաստման գործընթացի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել:
«Այսօր ստացա կորոնավիրուսային հիվանդության դեմ Սինովակ ընկերության «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութի առաջին չափաբաժինը։
Այս պատվաստանյութը Հայաստանին մայիսի 2-ին տրամադրել է բարեկամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում (100,000 դեղաչափ՝ 50,000 անձի համար):
«ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան և բարձր տարիքի ռիսկի խմբի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացման համար: Կիրառվում է երկու դեղաչափով` յուրաքանչյուրը 0,5 մլ: Երկրորդ դեղաչափն իրականացվում է առաջին դեղաչափից 28 օր հետո:
Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ը։
18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել COVID-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից: Պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար: Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00: Նախապես զանգահարի՛ր պոլիկլինիկա և գրանցվի՛ր պատվաստման համար», - գրել է Նազարյանը: