05/05/2021 17:43
Գերմանացի փաստաբանները խնդրել են գործ հարուցել Լուկաշենկոյի դեմ
Գերմանացի չորս փաստաբան տասն անձանց անունից դիմել է Կառլսրուեում գտնվող Գերմանիայի դաշնային դատախազություն՝ ընդդեմ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի: Այս մասին հայտնում է Tagesspiegel հրատարակությունը:
Փաստաբանների խոսքով՝ իրենց տրամադրության տակ են Բելառուսի իշխանությունների կողմից խոշտանգումների ավելի քան 100 փաստագրված դեպքեր: Այսօրվա դրությամբ նրանց հաճախորդներից մի քանիսը Բելառուսից տեղափոխվել են Գերմանիա:
«Բոլոր հաճախորդները հայտնել են անօրինական հիմքերով ձերբակալվելու, անազատության մեջ գտնվելու օրերին խոշտանգումների և վատ վերաբերմունքի արժանանալու մասին: Այդ ժամանակ նրանց պահում էին ծայրաստիճան նեղ խցերում և վագոններում, և մի քանի օր նրանց ֆիզիկական բռնության էին ենթարկում, նվաստացնում, սպառնում, վիրավորում և այլ նվաստացնումների արժանացնում», - ասել է փաստաբաններից Բենեդիկտ Լյուքսը:
Բացի այդ, մեկ այլ փաստաբան՝ Օնուր Օզատան, նշել է, որ «մեր բոլոր հաճախորդները լուրջ առողջական հետևանքներ ունեն»: