05/05/2021 20:38
Կոռեկտ չէ. ընտրություններին մասնակցության ձեւաչափի մասին կհայտարարենք ամենամոտ ապագայում. Սողոմոնյանի արձագանքը Տեր-Պետրոսյանին
Մենք միշտ սկզբունքորեն դեմ ենք եղել ոչ հրապարակային հանդիպումների մանրամասների միակողմանի բացահայտմանը. կոռեկտ չէ, հայտարարել է ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Հատկապես, երբ այդպիսի մանրամասներ պատմողը խեղաթյուրում է դրանց բովանդակությունը։ Ինչևէ։ Մարտի 25-ին տեղի ունեցած` ՀՀ և Արցախի նախկին նախագահների հանդիպումը կայացել է Տեր-Պետրոսյանի առաջարկով։ Նախագահ Քոչարյանին հանդիպման առաջարկի մասին պատմել է Բակո Սահակյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ Տեր-Պետրոսյանն արտահերթ ընտրություններին համատեղ մասնակցելու գաղափար ունի։ Նախագահ Քոչարյանը մերժել է այդ գաղափարը, ինչի մասին Բակո Սահակյանը տեղեկացրել է Տեր-Պետրոսյանին։ Վերջինս, այնուամենայնիվ, առաջարկել է, որպեսզի հանդիպումը կայանա։ Եվ այն տեղի է ունեցել», - նշել է նա:
Սողոմոնյանի խոսքով, հանդիպման ժամանակ իրոք քննարկում չի ծավալվել, քանի որ Ռոբերտ Քոչարյանը կրկին մերժել է խնդրո առարկա առաջարկը՝ պատճառաբանելով բարոյական նկատառումով, այն է՝ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում այլ ձևաչափով մասնակցելու մտադրություն ունի։
«Բացի դրանից, այդ քայլը կհարվածի «Հայրենիքի փրկության շարժմանը»։ Սա է եղելությունը։ Կարող է թվալ, թե Տեր-Պետրոսյանն ամեն բան ճիշտ է ասել, ու ես ընդամենը կրկնում եմ նրա պատմությունը։ Բայց այդպես չէ. մասնավորապես, կարծես թե պատահմամբ, նա վրիպում է, թե «Հայրենիքի փրկության շարժումը» նախագահ Քոչարյանն էր ստեղծել։
P.S. Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին միասին գնալու առաջարկությանը, ապա մենք արդեն ընտրել ենք մասնակցության այլ ձեւաչափ, որի մասին կհայտարարենք ամենամոտ ապագայում», - ասել է Սողոմոնյանը: