06/05/2021 12:42
Այվազյանը Լավրովին ներկայացրել է, որ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակով գտնվող քաղաքացիական անձանց
ՌԴ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանն առանձնահատուկ անդրադարձ ենք կատարել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ընդգծելով այն ուղղությունները, որոնցով պետք է ակտիվացնենք համատեղ ջանքերը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։
«Մանրամասն քննարկեցինք այն իրավիճակը, որը ձևավորվել է Հայաստանի, Ռուսատանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո՝ ուղղված ադրբեջանաթուրքական ագրեսիայի դադարեցմանը և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը, որոնց ներկայությունն առանցքային դեր է խաղացել Արցախի ժողովրդի նկատմամբ հետագա զանգվածային վայրագությունները կանխելու գործում», - ասաց Արա Այվազյանը
Նա նշեց, թե բարձր են գնահատում պայմանավորվածությունների՝ կյանքի կոչման ուղղությամբ ՌԴ ջանքերը, որոնցում խիստ արդիական է մնում ռազմագերիների վերադարձի հարցը։
«Ռազմական գործողությունների դադարեցումից գրեթե կես տարի անց, Ադրբեջանը խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խաթարում է հակամարտության դրույթների իրականացումը և հրաժարվում վերադարձնել բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակով գտնվող քաղաքացիական անձանց։ Գործընկերոջս ներկայացրի միջազգային հանրության մոտեցումները և մեր հարևան երկրին հասցեագրված կոչերը՝ կատարելու իրենց միջազգային պարտավորվածությունները», - հայտարարեց Արա Այվազյանը։