06/05/2021 13:55
Ադրբեջանի կողմից Սյունիքում փորձ է կատարվում լարել իրավիճակը, հնարավորինս ընդգծելու համար, թե ձեր գոյությունը որևիցե տարածքում, որտեղ մենք մոտիկ ենք, անվտանգ չի լինելու. Վլադիմիր Վարդանյան
Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո այսօր որևիցե էթնիկ հայի ֆիզիկական անվտանգությունը երաշխավորված չէ, ԱԺ-ում այսօր հայտարարեց իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
«Շատ պարզ և հասկանալի է, որ Ադրբեջանի կողմից Սյունիքում փորձ է կատարվում լարել իրավիճակը, հնարավորինս ընդգծելու համար, որ ձեր գոյությունը որևիցե տարածքում, որտեղ մենք մոտիկ ենք, անվտանգ չի լինելու։ Մենք բոլորս ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ՀՀ քաղաքացին իրեն անվտանգ զգա ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս», - ասաց Վարդանյանը։
Նա նշեց, թե անհրաժեշտ է, որ Ադրբեջանի կողմից ցանկացած մաիպուլյացիոն գործողություն պետք է հստակ դատապարտվի։
Հիշեցնենք՝ իմքայլական մեկ այլ պատգամավոր՝ սյունեցի Արմեն Խաչատրյանը հայտարարել էր, թե Սյունիքում անվտանգային խնդիր չկա։
«Իհարկե, Սյունիքն անվտանգ է, ի՞նչ է եղել Սյունիքում, այսքան ժամանակ ի՞նչ է եղել Սյունիքում, պատերազմից հետո ինչ-որ մեկը Սյունիքում վնաս կրե՞լ է, ինչ-որ մեկին թշնամու, հակառակորդի կողմից վնաս հասցվե՞լ է, ինչ-որ քաղաքացի ադրբեջանցիներից վնաս կրե՞լ է», - ասել էր Արմեն Խաչատրյանը։