06/05/2021 10:41
2020 թվականին ավելի քան 6 անգամ ավելացել է ՄԻՊ թեժ գծին ստացվող ահազանգերի թիվը. Արման Թաթոյանը ներկայացնում է տարեկան զեկույցը
2020 թվականը մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համար եղել է աննախադեպ ծանրաբեռնված, ԱԺ-ում այսօր հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ներկայացնելով 2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը և ՀՀ ՄԻՊ-ի՝ որևպես կանխալգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը։
«Եթե 2015 թվականին միայն դիմումների ու բողոքների թիվը կազմել է 5214, 2016թ-ին՝ 5113, ապա 2020 թվականին միայն դիմումներն ու բողոքները և սեփական նախաձեռնությունները հասել են շուրջ 15 հազարի։ 2015-16թթ համեմատությամբ ավելի քան 6 անգամ ավելացել է թեժ գծին ստացվող ահազանգերի թիվը», - հայտարարեց Թաթոյանը։
Նա նշեց, թե մարդու իրավունքները՝ կենսաթոշակի նշանակում, աշխատանքային ստաժի հաշվարկում, հաշմանդամության կարգի սահմանում և այլն, շարունակաբար խախտվում են սոցիալական ապահովության ոլորտում թերի վարչարարության պատճառով.
«Առկա է անբարեխիղճ վերաբերմունք և անպատասխանատու վարքագիծ կենսաթոշակառուների և այլ շահառուների նկատմամբ։
Անապահով ընտանիքների աջակցության ոլորտում առկա չեն անապահովության գնահատման գործընթացին անմիջականորեն մասնակցող սոցիալական աջակցության տեսուչների գործողությունների պատշաճ վերահսկման մեխանիզմներ։ Արդյունքում՝ չարաշահումների հայտնաբերելիս բացասական բեռը կրում է նպաստառուն»։
Պաշտպանը ներկայացրեց, թե անվճար բուժօգնության իրավունք ունեցող մարդիկ գերադասում են այն ստանալ վճարովի հիմունքներով.
«Բողոքները վերաբերում են անվճար բուժօգնության որակին, խիստ պակաս է իրազեկվածության աստիճանը։ Մարդիկ պոլիկլինիկաներից չեն ստանում բժշկի նշանակած դեղամիջոցները, այլ՝ հիմնականում դրանց համարժեք փոխարինողները»։
Թաթոյանի խոսքով՝ քաղաքացիների զգալի մասը խուսափում է պոլիկլինիկական ծառայությունից օգտվելուց՝ պատճառաբանելով անվստահությունն ու բուժօգնության անարդյունավետությունը։