07/05/2021 14:46
Երբ երկրում առաջանում է անվտանգության ճգնաժամ՝ արժեզրկվում է պետությունը. Վահագն Սարոյան
Հայաստանում գնալով խորանում է անվտանգության ճգնաժամը, պետությունը կորցնում է ներքին դիմադրողականությունը, ադրբեջանցին ամեն քայլափոխի սահմանում միջադեպ է հրահրում, իսկ սահմանամերձ գյուղի բնակչի (և ոչ միայն) գոյատևման ներքին պայմաններն արդեն իսկ հատել են վտանգավորի սահմանագիծը։ Քաղաքացին արդեն հոգնել ու հուսալքվել է սահմանային այս անորոշությունից և պետության ղեկավարման պատասխանատուների կրավորական կեցվածքից։ Քաղաքացին հոգնել է նաև պատասխանատուների խորհրդավոր պատճառաբանություններից, թե «քանի դեռ չի արվել դեմարկացիա, սահմանային միջադեպերը լինելու են, քանի որ այդպիսինն է շփման գծի կյանքը»։
Իրականում միջադեպերը լինելու են, ոչ միայն դեմարկացիայի բացակայության պատճառով, այլ նաև նրա, որ 44-օրյա պատերազմի ավարտից անցել է շուրջ կես տարի, իսկ հայկական կողմը առավել ռիսկային գոտիներում չունի ամենօրյա ծառայություն իրականացնող դիրքեր, ամրաշինական կառույցներ, դիտակետեր, տեսանկարահանող սարքեր և այլն, այլ կերպ ասած՝ հայկական կողմը տարածքային կորուստներից հետո, ոչ միայն դեմարկացիա անելու առնչությամբ աշխատանքներ չի սկսել, այլև պետության սահմանների, սահմանամերձ բնակչության և բնակավայրերի անվտանգությունն ապահովելու համար համապատասխան քայլեր չի ձեռնարկել։
Իրականում սահմանագծման և սահմանազատման աշխատանքները կազմակերպվում են այն ժամանակ, երբ ստեղծվում է երկու պետությունների կողմից միջպետական հանձնաժողով, որում ընդգրկված են լինում տարբեր պատկան մարմինների ներկայացուցիչներ պետության հովանու ներքո։ Իսկ ի՞նչ է անում պետությունը այդ ուղղությամբ... Ի դեպ, պետության գործունեական անորոշությունը ծագում է այն ժամանակ, երբ ինչ-ինչ պատճառներով ձևախեղվում է համակարգին ներքնապես հատուկ կայունացման տրամաբանությունը։ Հանուն արդարության պետք է նշենք, որ իշխանությունը մսխել է պետության կայունացման և անվտանգության ապահովման տրամաբանությունը։
Սահմանային միջադեպերի ու հնարավոր վտանգների մասին բարձրաձայնում ու թմբկահարում են ոչ միայն սահմանամերձ համայնքների բնակիչները, ՄԻՊ-ը, քաղաքական ընդդիմության ներկայացուցիչները, փորձագետներն ու շահագրգիռ անձինք, այլև իշխանության ներկայացուցիչները, սակայն սահմանային միջադեպերը զսպող, չեզոքացնող ոչ մի խնդիր չի լուծվի, քանի դեռ պետությունը իշխանության գլխավորությամբ դրսևորում է «պրոֆեսիոնալ» կրավորականություն։
Շատ մտահոգիչ է, որ պաշտպանության նախարարն իր հայտարարությունում օգտագործում է «ադրբեջանական դիրք» արտահայտությունը։ Ի դեպ այդ դիրքը հայտնվել է, եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ու դեռ ոչ մի իրավական ամրագրում չկա, թե այդ դիրքը արդյո՞ք իրականում պետք է գտնվեր այդտեղ, միգուցե սահմանագծման և սահմանազատման աշխատանքներից հետո այդ «դիրքը» Ադրբեջանի վերահսկողության տարածքում չպետք է լինի։ Այսինքն մենք գործ ունենք պետական պաշտոնյայի հարմարվողական կեցվածքի հետ, ինչը այս փուլում անթույլատրելի է։
Միջադեպեր լինելու են, որովհետև մեր համար «անտանելի ուրիշություն» Ադրբեջանը անվստահելի է պայմանավորվածությունների կատարման մեջ։ Ադրբեջանական կողմը միշտ էլ խախտել է ցանկացած փաստաթղթում իր իսկ ստորագրած պարտավորությունների կատարումը՝ սկսած 1994թ. Զինադադարի հայտնի պայմանագրի կետերից, մինչև վերջին 44-օրյա պատերազմի ավարտին ստորագրված եռակողմ հայտարարությունը։ Ադրբեջանը չի սպասել և չի սպասելու սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին, այդ երկիրը դրսևրում է տարածքների տնօրինման մաքսիմալիստական քաղաքականություն, դրանով էր պայմանավորված նաև GPS-ային բեմականացումը, ինչին մեր պետությունը որևէ կերպ կատեգորիկ չարձագանքեց։ Իսկ ադրբեջանական կողմը օգտվելով այդ առիթից շատ արագ սկսեց դիրքավորվել ռազմավարական և մարտավարական տեսանկյունից նպաստավոր բարձունքներում և հատվածներում՝ կատարելով ամրաշինական աշխատանքներ։
Ընդհանրապես, քաղաքական համակարգում իշխանությունը նույն դերն է կատարում, ինչ փողը՝ տնտեսական համակարգում։ Երկուսն էլ օժտված են պետական շինարարության հզոր կարողություններով։ Երկուսի արժեզրկումն էլ կործանարար հետևանքներ կարող են ունենալ սոցիալ-տնտեսական, հոգևոր և քաղաքական կյանքի վրա։ Իսկ երբ երկրում առաջանում է անվտանգության ճգնաժամ, արժեզրկվում է պետությունը։