07/05/2021 13:01
Կարելի է Ռուսաստանին խնդրել, որ միջնորդ լինեն Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտման հարցում. ԱԱԾ Սահմանապահ զորքերի նախկին հրամանատար (Տեսանյութ)
Եթե ուզում ենք սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ կատարենք և սահմանին լարվածությունը թուլանա, միակ ելքը միջնորդավորված աշխատանքներ կատարելն է, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ մամուլի ասուլիսին այսօր հայտարարեց ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը։
«Սահմանագծման և սահմանազատման հետ կապված հիմնական աշխատանքը պետք է կատարի արտաքին գործերի նախարարությունը և գեոդեզիայի ինստիտուտը։ Դա շատ ծանր աշխատանք է, օրինակ, Վրաստանի հետ սահմանազատման աշխատանքները սկսել են 1996 թվականից և մինչև հիմա ավարտված չէ։ Երբ հայտարարում են, թե Սյունիքի մարզում կատարվում են դեմարկացիոն աշխատանքներ, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է», - ասաց Աբրահամյանը։
Նա նշեց, որ ադրբեջանցիների հետ այսօր անհնար է սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ կատարել՝ հաշվի առնելով երկու երկրների հարաբերությունները։
Սակայն, նրա խոսքով, հնարավոր է այդ աշխատանքները կատարել, եթե ինչ-որ միջնորդ պետություն լինի։
«Օրինակ, ՌԴ-ն հանդիսացել է միջնորդ պատերազմի դադարեցման համար, կարելի է Ռուսաստանին խնդրել, որ իրենք լինեն միջնորդ սահմանների ճշգրտման հարցում։ Ուրիշ հնարավորություններ չկան», - ասաց Աբրահամյանը: