09/05/2021 16:37
Փորձառու մարդիկ են պետք մարտահրավերները հաղաթահարելու համար. վտանգները և կուտակած գիտելիքները գրեթե համընկնում են. Քոչարյան (Տեսանյութ)
Երկրը ծայրահեղ մարտահրավերների առաջ է, որոնք հիմնականում կապված են անվտանգության սպառնալիքների հետ, երկիրն ունի կառավարման և տնտեսական ճգնաժամ, ակհայտ է նաև՝ ինքնության ճգնաժամ, հանրահավաքից առաջ՝ «Հայաստան» դաշինքի հիմնադրմանը նվիրված միջոցառման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով գլխավորելու է «Վերածնվող Հայաստան» կուսակցության և Հայ հեղափոխական դանակցության դաշինքը:
Երկրորդ նախագահն ընդգծեց, որ պետք են մարդիկ ուժեր, որոնք բավարար փորձ ունեն այսպիսի մարտահրավերներ հաղաթահարելու համար:
Նա նաև տվեց հարցերի պատասխաններ՝ ինչո՞ւ ինքը պետք է գա իշխանության, ինչո՞ւ է դաշինք կազմվում Դաշնակցության և «Վերածնվող Հայաստանի» հետ:
«Ինչո՞ւ ես՝ ունեմ մեծ կառավարման փորձ՝ ճգնաժամային իրավիճակներում, ունեմ կուտակած փորձ և գիտելիքներ անվտանգության, պաշտպանության համակարգում, փորձ՝ տնտեսական ճգնաժաման հաղթահարելու հարցում: Ներկա վտանգները և կուտակած փորձն ու գիտելիքները գրեթե համընկնում են:
Ինչո՞ւ Դաշնակցությունը, որովհետև սա այն կուսակցությունն է, որը աշխարհով մեկ պայքարել և պայքարում է հայերի ինքնությունը պահելու համար, որի հետ ունեմ երկարատև համագործակցության փորձ:
Ինչո՞ւ «Վերածնվող Հայաստան» կուսակցություն, որովհետև Սյունքին այսօր ներկա սպառնալիքների էպիկենտրոնն է Հայաստանի համար», - նշեց Քոչարյանը:
Նա ընդգծեց, որ Սյունիքից է կախված՝ մենք մնալու ենք որպես գործոն այս տարածաշրջանում, թե՞ դառնալու ենք տարածաշրջանում կցորդ:
«Սյունիքն այս պահի պայքարի սիմվոլն է», - ասաց Քոչարյանը: