11/05/2021 09:48
«Ժողովուրդ». Հայաստանում այս օրերին թուրքերենով ռադիոհաղորդումներ ու երգեր են միանում, նորմալ է
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում 88.8 ՄՀց հաճախականության վրա այս օրերին FM ռադիոհաղորդում թուրքերեն հաղորդումներ ու երգեր են միանում:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Ազգային անվտանգության ծառայություն և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն հասկանալու համար, թե ինչպես է դա հնարավոր. նախկինում հայերեն հաղորդումներ ու երգեր էին, հիմա՝ թուրքերեն: Ի պատասխան՝ ԱԱԾ-ից հայտնել են. «Տվյալ ռադիոալիքի հասանելիությունը Հայաստանի Հանրապետության տարածքում պայմանավորված է այն հեռարձակող հաղորդիչների հզորությամբ ու ռելիեֆով, և նույն կերպով Հայաստանի Հանրապետությանը սահմանամերձ թուրքական քաղաքներում հասանելի են հայկական ռադիոալիքները»:
Միևնույն ժամանակ ԱԱԾ-ից հորդորել էին դիմել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Եվ, ահա, նախարարությունից, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնեցին. «Ապրիլի 8-ին տեղորոշմամբ պարզվել է, որ հեռարձակումն իրականացվում է Թուրքիայի Իգդիր քաղաքում գործող ռադիոահաղորդակից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռադիոհաղորդումների տարածումն իրականացվում է ռադիոալիքների միջոցով, իսկ ռադիոալիքները չեն ճանաչում սահմաններ և պետություններ, ռադիոհաճախականությունների բաժանումն իրականացվում է պետությունների պահանջարկի հայտերի հիման վրա՝ այն պայմանով, որ չեն խոչընդոտում այլ պետությունների գործող ռադիոհամակարգերին»:
Միևնույն ժամանակ նրանք նշել են, որ սա չի խանգարում ՀՀ-ում գործող որևէ ռադիոհեռարձակող սարքի: Այսինքն՝ նորմալ է, որ թուրքերեն հաղորդումները հասանելի են դարձել ու կմնան այդպիսին»: