11/05/2021 09:51
«Փաստ». Արցախի իշխանությունները դեռևս զերծ են մնում ՀՀ իշխանություններին լուրջ աջակցություն ցուցաբերելուց
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրությունների օրակարգը չէր կարող դուրս մնալ Արցախի հանրության ուշադրությունից, և հենց դրանով պայմանավորված՝ այնտեղ ուշի-ուշով հետևում են հայաստանյան գործընթացներին։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախում բավականին լավատեսությամբ են տրամադրված Հայաստանում նախատեսված արտահերթ ընտրություններին՝ համարելով, որ դրանով կա հնարավորություն Նիկոլ Փաշինյանից վերջապես ձերբազատվելու համար:
Չնայած Արցախի իշխանություններն ու առաջին հերթին Արայիկ Հարությունյանը, այդ իրավիճակով պայմանավորված, մտահոգություններ ունեն, որովհետև ՀՀ-ում իշխանափոխությունից հետո ուղղակիորեն կասկածի տակ է դրվելու նաև իրենց իշխանությունը, այդուհանդերձ, Արցախի իշխանությունները դեռևս զերծ են մնում ՀՀ իշխանություններին լուրջ աջակցություն ցուցաբերելուց:
Նրանք մտահոգություն ունեն, որ Հայաստանի իշխանություններին հրապարակային աջակցությունը կարող է Արցախի ներսում ներքաղաքական նոր զարգացումներ առաջ բերել, իսկ ստեղծված զգայուն իրավիճակում դա կարող է նրանց համար ճակատագրական լինել: Թե ինչ վերջնական որոշում կկայացնեն Արցախի իշխանությունները, կերևա առաջիկա օրերին»։