12/05/2021 09:39
«Ժողովուրդ». Արտահերթ ընտրություններ են. 2016-ին Սարի թաղում լրագրողների նկատմամբ բռնության գործի վարույթը կրկին վերսկսվել է
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայությունը 2021 թվականի մայիսի 5-ին վերսկսել է 2016-ին Սարի թաղում լրագրողների նկատմամբ բռնության գործի վարույթը:
Նշենք՝ գործի կասեցման ժամանակ գործով քննիչ Բեգոյանը պատճառաբանել էր, որ այս ամբողջ ժամանակահատվածում կատարվել են բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները, և հնարավոր չի եղել պարզել որպես մեղադրյալ ենթակա ներգրավման անձանց ինքնությունը:
Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո՝ 2018-ին ևս ՀՔԾ-ն կասեցրեց այս գործի քննությունը նույն հիմքով, ինչը հարուցել էր գործով անցնող լրագրողների վրդովմունքը, և նրանք դիմել էին դատարան, բողոքարկել, որ գործը կասեցումից հանվի։ Դատարանը բավարարել էր լրագրողների պահանջը, ՀՔԾ-ն գործի քննությունը կասեցումից հանել էր և շարունակել քննությունը, սակայն երկու տարի անց կրկին նույն որոշումն է կայացվել։
Նշենք, որ այս գործով ավելի քան 10 լրագրող է անցնում տուժողի կարգավիճակով։ 2016-ին՝ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին, հիմնականում քաղաքացիական հագուստով անհայտ անձինք հարձակվել էին Սարի թաղում բողոքի ակցիան լուսաբանող ցուցարարների եւ լրագրողների վրա: Ոստիկանների արձակած լուսաձայնային նռնակներից վնասվածքներ էին ստացել տարբեր քաղաքացիներ, այդ թվում՝ լրագրողներ։ Տուժել էին նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչները: Եվ այժմ զարմանալի է, որ, արտահերթ ընտրություններին ընդառաջ, գործի վարույթը կրկին վերսկսվել է: Չի բացառվում, որ, ընտրություններին ընդառաջ, իրավապահ համակարգի ներկայացուցիչները այս հանգամանքը ցանկանում են որպես մահակ օգտագործել եւ ճնշել հնարավոր մեղադրյալներին: