13/05/2021 15:09
Հայաստանում վերջին 3 տասնամյակների ընթացքում արձանագրվել է ծնելիության և ժողովրդագրական ցուցանիշների վատթարացում
Կառավարությունը հավանություն է տվել ««Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրենքի նախագծի նպատակն է՝ կարգավորել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարաբերությունները, ընդլայնել անպտուղ զույգերի կամ անձանց` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունները և բավարարել երեխա ունենալու նրանց պահանջմունքները և բարելավել ժողովրդագրական իրավիճակը:
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ վերջին 3 տասնամյակների ընթացքում արձանագրվել է ծնելիության և ժողովրդագրական ցուցանիշների վատթարացում: Մասնավորապես, պտղաբերության ցածր (1.6) մակարդակը չի ապահովում անգամ պարզ վերարտադրություն, որի համար անհրաժեշտ է 2,1 գործակից: Արդյունքում, ծնելիության գործակիցը շարունակաբար նվազել է՝ կրճատվելով 1.8 անգամ: Գործող օրենքում առկա են մի շարք սահմանափակումներ, որոնք խոչընդոտում են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ավելի մեծածավալ կիրառման ապահովումը, ինչը կարող է որոշակի դեր ունենալ ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցում: Մասնավորապես, գործող օրենքը վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող երկու տարբեր ծառայությունների համար նախատեսված են նույն մասնագիտական և սարքավորումային պահանջներ: Նախագծով առաջարկվում է ավելացնել կետ, որը թույլ է տալիս տարանջանտել այդ 2 ծառայությունների իրականացումը բժշկական օգնության և սպասարկման տարբեր տեսակների շրջանակնում, ինչը թույլ կտա զարգացնել վերարտադրողական բժշկությունը մարզերում և քաղաքային պոլիկլինիկաներում:
Առաջարկվող փոփոխություններից մեկով ընտանիքում նույն սեռի 3 երեխա ունենալու դեպքում թույլատրվում է վերարտադրողական օժանդակ տեղնոլոգիաների կիրառման միջոցով չորրորդ երեխային պլանավորելիս որոշել ապագա երեխայի սեռը, խուսափելով սեռով պայմանավորված հղիության ընդհատումից: Այսինքն, ժողովրդագրական կայունության հաստատման և պահպանման համար հարկավոր է ոչ միայն ապահովել պարզ, այլև ընդլայնված վերարտադրությունը, ստեղծելով հնարավորություններ ավելացնել առնվազն 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը, նույնիսկ եթե այս դեպքում ընտանիքը ցանկություն է հայտնում պլանավորել 4 կամ հաջորդ երեխայի սեռը:
Կարգավորվում է նաև դոնորի և (կամ) փոխնակ մոր ռեգիստրի ստեղծման հարցը, ինչը թույլ կտա ավելի վերահսկելի դարձնել դոնորի և (կամ) փոխնակ մոր նկատմամբ ներկայացվող պահանջների պահպանումը: Օրինագծով առաջարկվող փոփոխությամբ վերարտադրողական օժանդակ տեխնոլգիաներից օգտվող անձի (զույգի) հետ ազգակցական կապ չունեցող, սակայն նրան հայտնի անձնավորությունը ևս կարող է դիտարկվել որպես ժամանակավոր դոնոր` առանց տարիքային սահմանափակման, ինչպես նախատեսված է հայտնի դոնոր հանդիսացող հարազատի դեպքում:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է օրինագծի ընդունումը և նշել, որ առաջարկվող փոփոխությունները ինստիտուցիոնալ են. «Սա նույնպես պետք է արձանագրենք, որ հընթացս օրինագծիը կլրամշակվի, որպեսզի ամենատարբեր խնդիրները, որոնք կարող են առաջանալ պրակտիկ կիրառման ընթացքում՝ սկսած էթիկականից, վերջացրած իրավականից, պատշաճ ձևով լուծվեն և կարգավորվեն: Բայց ընդհանուր առմամբ ժողովրդագրական իմաստով այս փոփոխությունը շատ կարևոր է, և հույս ունենք, որ այն կբերի կոնկրետ արդյունքներ»:
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն էլ նշել է, որ օրինագծով էականորեն ընդլայնվում է այն անձանց շրջանակը, ովքեր կարող են օգտվել տվյալ ծառայություններից:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը հիշեցրել է 2019 թվականից վերսկսված օժանդակ տեխնոլոգիաներով պետական ծրագրի մասին, որում հիմնականում ներառված են զինվորականները, նրանց ընտանիքի անդամները, սահմանամերձ գյուղերի բնակիչները: «Բավական լավ արդյունք ունենք՝ տարեկան մոտ 1 մլրդ դրամ բյուջեով: Վստահ եմ, որ ծրագրին հավելյալ բյուջետային միջոցներ տրամադրելու և շահառուների շրջանակը մեծացնելու դեպքում ծնելիության էական աճ կունենանք», - ասել է Արսեն Թորոսյանը: