13/05/2021 11:27
Մարզպետ. Գեղարքունիքում 1-2 վիճելի տարածք կար. և մենք, և հակառակորդը սահմանագծով նստել ենք (Տեսանյութ)
Սահմանագծի փոփոխությունից հետո Գեղարքունիքում կան վայրեր, որտեղ բնակլիմայական պայմանները շատ բարդ են, և որոշ հատվածներում հակառակորդը տեղակայման պրոցես չէր արել, հիմա եղանակային պայմանները փոխվել են, տեղակայման պրոցես են անում, կառավարությունում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Մեր Զինված ուժերն էլ հետևում է, որպեսզի իրենք իրենց տեղակայման վայրերից հանկարծ առաջ չգան», - ասաց նա։
Մարզպետը վստահեցրեց, թե Հայաստանի պետական սահմանը պահմանվել է.
«Ընդամենը, 1-2 սահմանագիծ կար, որտեղ նստել են իրենք էլ, մերոնք էլ։ Բացարձակ լարվածություն չկա»։
Լրագրողների հարցին, թե բնակիչները կարո՞ղ են հանգիստ լինել, Սանոսյանը պատասխանեց.
«Բնակիչները հիմնականում անհանգիստ են լինում տարածվող կեղծ լուրերի հետևանքով։ Երեկ եղել եմ Վերին Շորժայում, եղել եմ այն հատվածում, որտեղ այդ աշխատանքներն են, և մեր Զինված ուժերը աշխատում է, քարտեզները կան, սա այն նույն պրոցեսն է, որը կար նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին»։
Ինչ վերաբերում է Սոթքի հանքի աշխատանքներին, մարզպետն ասաց, թե հանքն աշխատում է, սակայն կրճատումներ են եղել.
«Որոշակի կրճատումներ են եղել՝ մոտ 280 հոգի»։