17/05/2021 14:39
Իշխանությունը կա՛մ իրավիճակին չի տիրապետում, կա՛մ հանգուցալուծման հնարավոր տարբերակը վատն է մեզ համար. Արփինե Հովհաննիսյանը՝ Սյունիքի մասին
Սյունիքի շուրջ իրականում և ֆեյսբուքում ծավալվող իրադարձություններին հետևելով՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովյաննիսյանն առանձնացրել է մի քանի փաստ ու դիտարկում:
«1. Հայաստանում այլևս անվտանգ չէ ապրելը: Հիմա Սյունիքում, Գեղարքունիքում, կարճ ժամանակ անց՝ ամենուր:
2. Իշխանությունը ունակ չէ, իսկ հաճախ` ցանկություն էլ չունի ապահովել Հայաստանի անվտանգությունը: Հայաստանը հալվում է շոգին արևի տակ մնացած պաղպաղակի պես:
3. Իշխանության ու նրա պարագլխի լռությունը կամ մերթընդմերթ արվող անպտուղ պոռթկումները ակնառու են դարձնում, որ իրենք կամ իրավիճակին չեն տիրապետում կամ իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակը այնքան վատն է մեզ համար, որ պատեհ պահի են սպասում կամ ընդդիմության որևէ սխալի, որ շեղեն»:
Իշխանություն/ընդդիմություն ֆեյսբուքյան և հեռուստատեսային տեղեկատվական մարտերի ֆոնին չափազանց կարևոր է ՀՀ շարքային ու ոչ այնքան տեղեկացված քաղաքացու վստահությունը շահելը:
Ընդդիմությունը մի ուժեղ գործիք ունի` անգամ նվազագույն չափազանցություն, մանիպուլյացիա թույլ չտալ: Իշխանական խունտան դա է ցանկանում: Նրանք դա են վաճառում իրենց լսարաններին: Դասական կիսաճշմարտությունները նախկին արդյունավետությունը չեն կարող ունենալ: Միջին վիճակագրական մարդը սկսում է չհավատալ ոչ ոքի: Դրանից շահում է իշխանությունը:
Ասում եմ սա որպես այս ոլորտը երկար ժամանակ ուսումնասիրող ու հենց այս թեմայով միայն նախորդ շաբաթվա ընթացքում շուրջ 300 երիտասարդների հետ հանդիպած մարդ»:
Հովհաննիսյանն ընդգծում է, որ ամենազգայուն թեմաներով այս օրերին պետք է լինել ճշգրիտ ու շահել մարդկանց վստահությունը: