18/05/2021 15:30
Հայաստանի չորս իշխանությունները. պետականամե՞տ, թե՞ իշխանամետ, կամ ինչպես փրկել պետությունը վերահաս աղետից. Կամո Աթայան
Հաճախ մարդկանց թվում է, թե լինելով տվյալ պահի իշխանության կողքին, դրանով նրանք նպաստում են պետության հզորացմանը: Միանգամից նշենք, որ դա խաբուսիկ մոտեցում է: Դրան հատկապես մղում են, երբ պահի իշխանություններն առաջնորդվում են պոպուլիստական, կեղծ, պետության իրական զարգացման հետ աղերս չունեցող լոզունգներով ու կոչերով, որոնք ավելի շատ նպատակ ունեն երկարաձգելու սնանկ, անպտուղ, ազգակործան իշխանության տիրապետության շրջանը, նրանց նույնիսկ պետության զարգացումը չի էլ հետաքրքրում, պետություն բառը նրանց համար այդ պահին, վարագույրի, ծխածածկույթի նման մի բան է…
Որպեսզի տեսական ու անորոշ ձևակերպումներ շատ չօգտագործեմ, ասեմ, որ գրածիս հիմքում ՀՀ ներկա վիճակն է ու համեմատական փոքր, բայց հնարավորինս օբյեկտիվ վերլուծությունն անկախության տասնամյակների ու տարբեր իշխանությունների միջև: Անկախության երեք տասնամյակներինմենք ունեցել ենք 4 իշխանություն:
Առաջին՝ այսպես կոչված ՀՀՇ-ական իշխանության ժամանակ ոչ միայն հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունն, այլև նրանց իշխանության տարիներին տեղի ունեցավ Արցախյան գոյամարտը, և որպես արդյունք ստեղծվեց երկրորդ՝ Արցախի չճանաչված հայկական պետականությունը:
Այդ տարիներին նշված իշխանությունը չկարողացավ ապահովել երկրի սոցիալ-տնտեսական նկատելի առաջընթաց ու պատահական չէ, որ նշված շրջանում արտագաղթի հիմքերը դրվեցին ու այն ժամանակի ընթացքում ընդունեց մեծ չափեր: Ժողովրդի մոտ ընդունված է, որ պետական ունեցվածքի ալան-թալանը սեփականաշնորհում անվան տակ նրանց օրոք է սկսվել: Ի վերջո, չգտնելով նաև Արցախի խնդրի հայանպաստ լուծման ճանապարհ, այս իշխանությունը պալատական ուժերի ճնշման տակ հրաժարական տվեց:
1998-ին ընտրված երկրորդ իշխանությունը հիմնական շեշտը դրեց առաջին իշխանության տարիներին ունեցած ձեռքբերումները ոչ միայն պահպանելու, այլև տնտեսական բաղադրիչով այն ավելի հիմնավոր դարձնելու վրա: Ամենօրյա ուշադրության կենտրոնում բանակաշինության գործընթացն էր, և ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ ունեցած կապերի ընդլայնումը: Որոշակի կապեր ու փոխգործակցություն նշմարվեց նաև ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում: Կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում այդ տարիներին տեղի ունեցան նկատելի դրական տեղաշարժեր և զարգացումներ: Թվում էր, թե այդ տարիներին ժողովրդի մի ստվար հատվածի ցուցաբերած իշխանամետությունն ուղղակիորեն միտված էր պետականաշինությանը, այսինքն մոտեցումը պետականամետ էր: Այս իշխանության հիմնական թերացումը կայացավ հասարակության հետագա պառակտումը չկասեցնելու, ինչպես նաև երկրում կաշառակերության, կոռուպցիայի, թայֆայականության նկատվող և աճող երևույթներն արմատախիլ չանելու մեջ: Այդ իշխանության ընթացքում ալան-թալանը շարունակվեց: Այս իշխանության օրոք տեղի ունեցավ մեր պետականության հիմքերը ցնցած հոկտեմբերի 27-ի իշխանասպանության փորձը ՀՀ խորհրդարանում…
2008թ. ընտրված երրորդ իշխանության մուտքը նշանավորվեց մարտի 1-ի ողբերգական դեպքերով ու վրա հասած համաշխարհային տնտեսական ճգնաժամով: Կառավարման 10 տարիների ընթացքում այդ իշխանությունը էականորեն չկարողացավ մեծացնել երկրորդ իշխանության ձեռքբերում հանդիսացող պետության ՀՆԱ-ն և ՀՀ պետական բյուջեն: Սակայն պետությունը կարողանում էր որոշակի սոցիալական ծրագրեր իրականացնել, բարձրանում էր միջին աշխատավարձը: Որոշակի հաջողություններ կային բանակաշինության ու սպառազինության նորացման գործընթացում: Անկասկած, աճում էր նաև պետության արտաքին պարտքը: Այս իշխանության օրոք ազգաբնակչության քաղաքականացվածության աստիճանը մեծացավ: Ակտիվորեն շրջանառվում էր ընտրակաշառքի թեման, երկրում կոռուպցիան ավելի մեծ չափերի էր հասել, ալան-թալանը, ինչպես ժողովուրդը կասեր, շարունակվում էր: Հասարակության մեջ բևեռացումն, անհանդուրժողականությունն անասելի բարձր էին: Այս իշխանության օրոք տեղի ունեցավ ապրիլյան քառօրյան, որի ընթացքում մենք ունեցանք մարդկային ու որոշակի տարածքային կորուստներ…
Երրորդ իշխանության ամենամեծ և տիպական սխալը կրկին վերարտադրվելու անհաջող փորձն էր, որը ճակատագրական եղավ հայ ժողովրդի համար:
Անկախության տասնամյակներին մեզ մոտ ձևավորվեց նաև «չորրորդ» իշխանություն՝ հարաբերական ազատ ու անկախ մամուլ, որը, կարծես, հիմնականում պետականամետ ծիրում էր: Պետք է անպայման նկատել նաև, որ այդ կարևոր ոլորտի որոշ ներկայացուցիչներ նախընտրել էին ավելի շատ ձնագնդի էֆեկտով առաջ մղել բամբասանքի և ստի հավերժ կենդանի թեմաները, որին մեր ժողովրդի մի հատված երկրպագում էր և է…
Նոր աշխարհքաղաքական իրավիճակում տնտեսական զարգացման մեծ հնարավորություններ չունեցող երկրում, որը տասնամյակներ շարունակ հայտարարված շրջափակման մեջ էր, և ուներ ազգային չլուծված մեծ խնդիրներ, փոխանակ անընդհատ բարձրացվեր ազգային ոգին, դաստիարակվեր երկիրը պաշտպանելուն պատրաստ ուժեղ սերունդ, հաճախ գովազդվում էին արգահատելի ու նման վիճակներին ոչ հարիր ուղղություններ: Անշեղորեն աճում էր աղանդավորների թիվը՝ ամենամեղմ հաշվարկներով այստեղ ապրող 10 մարդուց մեկը աղանդավոր է, մեծանում էին տարբեր ծագման ու գործունեության ՀԿ-երի քանակը, աճելու և ազատ գործելու միտում ուներ մեր հասարակության համար խորթ ԼԳՏԲ համայնքը…
Ահա այս բացասական միտումները, նկատելի աճ ապրող կոռուպցիան, ընտրակաշառքի մուտքը երկիր հզոր բազա հանդիսացան իշխանությունների, նրանց համակիրների ու հասարակության բարիկադավորման համար: Վերջին ակորդը եղավ իշխանության տված խոստումների դրժումը և կրկին փոփոխված սահմանադրությամբ և վարչապետության ինստիտուտով վերարտադրվելու փորձը: Մնացած ամեն ինչն աչքի առաջ էր:
Քայիստների ոչ մեծ, ոչ խելացի, ոչ գաղափարական, ոչ հայրենասեր խումբը քաջ Նազարի բախտով առանց որևէ դժվարության տասնյակ հազարավոր ըմբոստացած ժողովրդի պայքարի առաջամարտիկը դարձավ: Առանց ծանրութեթև անելու ամբոխացած ժողովրդի մի հատվածը նրանց մեծ իշխանությամբ օծեց՝ հավատալով սին ու անհիմն փուչիկ- խոստումներին: Այսպես մեր իրականության մեջ ձևավորվեց չորրորդ՝ պետականակործան ու մահաբեր իշխանությունը…
Հետո տեղի ունեցավ այն, որի ականատեսն ենք ազգովին՝ երեք տարիների ընթացքում հողին հավասարվեցին անկախության տասնամյակների բոլոր ձեռքբերումները, համարյա ամբողջովին կորցրինք միջազգային ճանաչման ճանապարհին գտնվող Արցախը, հիմա էլ երկվորյակ թշնամին՝ ի դեմս թուրքադրբեջանական տանդեմի բզկտում է ՀՀ-ի սահմանները… Անասելի արյուն, ցավ ու պարտություն տեսավ հայ ժողովուրդը արցախյան երրորդ պատերազմում…
Պետականամե՞տ, թե՞ իշխանամետ: Հարցն այսօր ամենևին էլ հռետորական չէ: Եթե ՀՀ քաղաքացին այս պահին պետականամետ չէ՝ ուրեմն վերջ դարավոր մեր իղձերին, սպասումներին և ունեցած ձեռքբերումներին: Ձևավորված իշխանական խունտան, պատեհապաշտների կառավարությունը ոչ մի աղերս չունեն պետականամետության և պետականաշինության հետ:
Մեր իրավիճակում միայն կայացած քաղաքացիական հասարակության ու ազգային գաղափարախոսություն- հայեցակարգ ծրագրի առկայության պայմաններում է հնարավոր բազմակուսակցական իրավիճակում իշխանությունն ամբողջովին ծառայեցնել պետականաշինությանը՝ այն դարձնելով պետականամետ:
Համախմբված, միավորված հայ ժողովուրդը՝ Արցախ-Հայաստան-Սփյուռք ժամանակին հաղթանակած եռամիասնությամբ և իր ողջ ներուժով պետք է կրկին մտնի պետականամետ ծիր ու վերահաս աղետից փրկի պետությունն ու ժողովրդին: Սա է ժամանակի հրամայականը: