04/06/2021 16:44
Հայկական իրականության քաղաքագիտական աքսիոմներ. Կամո Աթայան
Գիտության մեջ աքսիոմ կոչվում է տվյալ տեսության այն դրույթը, որն այդ տեսության շրջանակներում առանց ապացուցման որպես ճշմարիտ է ընդունվում, և որի հիման վրա ապացուցվում, հիմնավորվում են այդ տեսության մյուս դրույթները:
Աքսիոմները հիմնականում կիրառվում են մաթեմատիկայում:
Հայկական իրականությունը ևս ունի (կամ անհրաժեշտաբար կունենա) քաղաքագիտական յուրահատուկ աքսիոմներ, որոնցից են՝
Հայոց պետականությունը, հայ ժողովուրդը չի կարող իր հավերժության երթը շարունակել առանց Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության
Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ առանց Արցախի Հանրապետության
Հայաստանի Հանրապետությունը չի կարող այս տարածաշրջանում կայուն, զարգացող և անվտանգ պետություն լինել առանց հզոր հովանավոր պետության և պետությունների օժանդակության
Այս տարածաշրջանում մեր լինելիության գրավականը Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի հետ ունեցած բարձր կարգի՝ բարիդրացիական, եղբայրական և ռազմավարական հարաբերությունների հաստատումն է
Հայաստանը առանց կրթության և գիտության ինքնատիպ համակարգերի ստեղծման, տեխնոլոգիական և մշակութային արժեքների և ազգային ավանդույթների պահպանման ու զարգացման չի կարող նախանշել և կառուցել իր ապագան
Արդարադատության կուռ և հուսալի համակարգի ձևավորումը մեզ համար առաջնային է
Տնտեսական մեխանիզմի կատարելագործումը, գիտելիքահեն տնտեսության ճյուղերի համաչափ զարգացման տեսլականի ստեղծումը մեր հզորացման բանալին է
Հայաստանը կունենա անընդհատ զարգացող առողջապահական համակարգ, որը ունակ է կիրառելու նաև ուրիշների փորձը և կարևոր ձեռքբերումները
Հայաստանը առանց քրիստոնյա աշխարհի բազմաբովանդակ աջակցության ու համագործակցության դատապարտված է
Հայաստանը մշակութային, տնտեսական ու գիտական ինքնատիպ կապերի ստեղծմամբ կհամագործակցի մուսուլմանական աշխարհի ու արաբական երկրների հետ
Հայաստանի տնտեսական զարգացման լոկոմոտիվը նոր և անընդհատ նորացվող տեխնոլոգիաներն են, ինչպես նաև արեգակնային և վերականգնվող էներգետիկան, ինտենսիվ, էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսությունը, թեթև արդյունաբերությունը և զբոսաշրջությունը
Հայաստանը անհրաժեշտաբար կդառնա բարձրագույն մասնագիտական կրթության տարածաշրջանային առաջնակարգ կենտրոն
Հայաստանը անհրաժեշտաբար կունենա աշխարհի ամենազարգացած տեխնոլոգիական մակարդակի արհեստավարժ բանակը և պետական սահմանների պաշտպանության գիտատեխնոլոգիական ուրույն համակարգը
Հայաստանը որպես պետություն կունենա այնպիսի քաղաքական համակարգ, որը մշտապես ազգային ու պետականաշեն է և զուրկ անարխիայի, քաոսի, պոպուլիզմի տարրերից ու դրանից բխող էժանագին և ազգակործան դրսևորումներից
ՀՀ սուվերեն տարածքի ոչ մի թիզը որևէ քաղաքական սակարկման առարկա երբևէ չի կարող լինել
Հայ առաքելական եկեղեցու գործունեությունն ազգապահպան և պետականամետ է, ու նաև ագրեսիվ՝ մուտք գործող տարատեսակ աղանդների նկատմամբ
Հայաստանում ժողովուրդը հետայսու իշխանությունը չպետք է հանձնի ոչ մի պատահական քաղաքական ուժի կամ գործչի: Այս հարցում հայ ժողովուրդը պետք է լինի խիստ և միայն հարյուր անգամ խորհելուց հետո կատարի իր վճռական քայլը
Մեր պետական, հասարակական կյանքից իսպառ պետք է վերանան անհանդուրժողականությունը, նախանձը, կոռուպցիան, կաշառակերությունը, հովանավորչությունը և նեգատիվ նման դրսևորումներ
Հայ ժողովուրդը պետք է ունենա իր ազգային գաղափարախոսությունը՝ հայեցակարգային այն մոտեցումների և դրույթների ամբողջությունը, որի հենքի վրա ժամանակի պահանջով անհրաժեշտաբար կկազմվեն զարգացման մարտավարական կոնկրետ ծրագրեր
Հայաստանի Հանրապետությունը բազմակողմանի համագործակցություն պետք է ծավալի ՄԱԿ-ի և մյուս այն միջազգային կառույցների շրջանակներում որոնց անդամակցում է
Հայկական դիվանագիտությունն անհրաժեշտաբար կունենա իր ուրույն դիմագիծը և ակտիվ գործունեության ուղենիշները
Քաղաքացիական զարգացած հասարակության ձևավորումը Հայաստանում այլընտրանք չունի
Պետությունը հնարավոր ու հասանելի բոլոր միջոցներով պետք է խրախուսի ծնելիության աճը և դեմոգրաֆիկ վիճակի դրական փոփոխությունները
ՀՀ-ում շրջակա բնական միջավայրի պահպանման ու հետագա առողջացման խնդիրները գտնվում են պետության ու ազգաբնակչության ամենօրյա ուշադրության կենտրոնում
Հայ ժողովուրդը, հայկական պետությունները երբևէ չպետք է հետքայլ կատարեն ազգային մեծ ու դժվարին խնդիրներից: Մեր ազգային խնդիրները կլուծվեն մեր համառ ու հետևողական աշխատանքով:
Ահա այն կարևոր իրողությունների, ճշմարտությունների մոտավոր բազմությունը, որը որոշ փոփոխություններով կարող է դրվել ՀՀ ցանկացած նոր իշխանության գործունեության հիմքում:
P.S. 1. Ցանկալի է, որ աքսիոմատիկ ճշմարտություններով վերոնշյալ ցանկը ընթերցողների կողմից ակտիվորեն քննարկվի ու նաև լրացվի:
P.S. 2. Ցանկության դեպքում համատեղ ուժերով վերոնշյալի լրացված տարբերակը կարելի է խմբավորել ու դասակարգել: