08/06/2021 13:51
«Հանկարծ չփորձեք թպրտալ». Փաշինյանը զգուշացրեց՝ ընտրություններից հետո լինելու է վենդետա, ջարդուփշուր, քաղաքացիական վրեժ (Տեսանյութ)
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Թալինում հայտարարաեց՝ կադրային ջարդեր են լինելու:
«Ջարդի են ենթարկելու այն պաշտոնյաները, ովքեր 2018 թվականից հետո հեղափոխության տված հնարավորությունից հետո ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում ու այս ողջ ընթացքում կատարել են տրոյական ձիու դերակատարում», - ասաց նա։
Վարչապետի պաշտոնակատարը ժողովրդին հորդորեց, որ տան իրեն այդ ջարդի մանդատը, որ տրոյական ձիերին դուրս շպրտեն։
«Ես ասել էի, որ վենդետաներ չեն լինելու, ինձ տարբեր հավաքներից ուղարկում են լուսանկարներ ու մարդիկ այդ հավաքներին կանգած են ծուռ վզերով, ոնց որ թոկը վզին ընկնելով տարած լինեն, ակնհայտ է, որ որոշ հիմնարկների ղեկավարներ, որոշ համայնքների ղեկավարներ, իրենց վարչական լծակներն օգտագործելով, մարդկանց տանում են հավաքների», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ընտրություններից հետո լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի։
«Կարճ ասած՝ էդ համայնքների ղեկավարները ռադ են լինելու», - ասաց նա։
Փաշինյանը զգուշացրեց՝ ամենադաժան քաղաքական վենդետան է լինելու։
«Հանկարծ չփորձեք թպրտալ, կտեսնենք կադրային ջարդուփշուր, վզներից բռնած դուրս եմ շպրտելու, պատրաստվեք քաղաքացիական վրեժի», - ասաց նա։