12/06/2021 17:59
Փաշինյանը հիստերիկացել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարկանիշի կտրուկ աճից. լրացուցիչ բենզին էր նրա վառվող սրտի վրա. Արմեն Աշոտյան
Դեռ ընտրություն չեղած, արդյունքները չհրապարակված, արդեն հայտարարում է իր հաղթանակի մասին և հանրահավաք է հրավիրում հունիսի 21-ին՝ ակնհայտորեն ճնշելու, խեղելու, չճանաչելու վերահաս պարտությունը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Փաշինյանը հիստերիկացել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարկանիշի կտրուկ աճից, որն ակնհայտ բացատրվում է Սերժ Սարգսյան-Արթուր Վանեցյան տանդեմի արդյունավետ հանրային, քարոզչական, հասարակական ու քաղաքական գործունեությամբ: «Գելլափի» հրապարակած թվերը, ըստ որի, մեր վարկանիշը կրկնապատվել է անցյալ շաբաթվա ընթացքում, լրացուցիչ բենզին էին նրա վառվող սրտի վրա:
Այս ամենը կատարվում են նաև այն ֆոնին, որ եվրոպական ամենախոշոր՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը երեկ բաց ուղերձով իր սատարումն է հայտնել ՀՀԿ-ին, բայց միաժամանակ եվրոպական քաղաքական իշխող վերնախավը կոչ է արել հետևել ժողովրդավարության կանոններին, չկիրառել վարչական լծակներ և պնդել է՝ մոնիտորինգի է ենթարկելու քարոզչությունն ու ընտրությունները», - ասաց Աշոտյանը:
Նրա խոսքով՝ «Պատիվ ունեմ» դաշինքը հայտնվել է այս իշխանությունների կիզակետում, որովհետև իշխանությունը հասկանում է, որ Հայաստանի ու Արցախի համար մղվող ճակատամարտի արդյունքը մեծապես կախված է լինելու դաշինքի արդյունքներից: