12/06/2021 17:48
Հանրային հեռուստաընկերությունը հորինված պատճառներով մերժել է հեռարձակել «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզչական հոլովակը. Արմեն Աշոտյան
Այսօր «Պատիվ ունեմ» դաշինքը Հանրային հեռուստաընկերություն է ներկայացրել իր նախընտրական քարոզչական հոլովակը, սակայն հեռուստաընկերությունը հորինված պատճառներով մերժել է տեսահոլովակի հեռարձակումը, ասուլիսում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Մինչդեռ, Աշոտյանի խոսքով, Հանրայինը պարտավոր էր հեռարձակել օրենքով կնքված պայմանագրով:
Մանրամասնելով տեսահոլովակի չհեռարձակման պատճառները՝ Աշոտյանը նշեց, որ դրանում ներառված էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթներից մեկից հատված, որտեղ Սարգսյանը խոսում է այն մասին, որ շուտով կազինոների մասին ստերը «մտցվելու է նրա բերանը»:
«Երկրորդ պատճառը՝ տեսահոլովակում կար նաև հատված, որը վերաբերում էր Հայաստանի ամենաատելի օլիգարխ «Գռզոյին» (հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյան-Aysor.am), որը հանգրվանել է դավաճանների ցուցակում: Հետևյալ հատվածն էր, որ «Գռզոն» Հայաստանի ամենաատելի օլիգարխն է:
Եթե առաջին դրվագը Հանրայինը մերժել է որպես վիրավորանք, երկրորդ դրվագը մերժել է որպես զրպարտություն: Տարակուսելի է, որ Հանրային հեռուստաընկերությունն իրեն դրել է դատական իշխանության տեղ և ինքն է որոշում՝ արդյո՞ք այս կամ այն դրվագը պարունակում է վիրավորանք, զրպարտություն, թե՞ ոչ», - նշեց դաշինքի ներկայացուցիչը:
Նա նաև տեղեկացրեց, որ գրավոր բացատրություն ստանալուց հետո, դաշինքը քննարկելու է դատարան դիմելու հեռանկարներն ու հնարավորությունները:
Արմեն Աշոտյանը հայտնեց նաև՝ Սերժ Սարգսյանը չի հյուրընկալվելու Հանրայինի եթերում: