14/06/2021 17:46
Անելու ենք ամեն ինչ ատոմակայանի կյանքը երկարեցնելու համար. Ռոբերտ Քոչարյան
Մենք անելու ենք ամեն ինչ, ատոմակայանի կյանքը երկարեցնելու համար, Մեծամորում ընտրողներին հավատացրեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
Նա հիշեցրեց, որ Հայաստանն ատոմակայանը պարտավորվել էր փակել դեռ 1995թ.:
«Հասանք նրան, որ ատոմակայանի փակման թեման օրակարգից հանվեց: Բավական լուրջ ծախսեր արվեցին ատոմակայանի անվտանգությունն ապահովելու համար:Հավանական է, որ ատոմակայանը փակված կլիներ վաղուց՝ ժամկետներ էին ֆիքսված», - նշեց Քոչարյանը:
Խոսելով նոր էներգաբլոկի մասին՝ վարչապետի թեկնածուն նշեց, որ ընդհանրապես գեներացիայի մեջ ոչ ոք գումար չի դնելու, բլոկը չի կառուցելու, եթե չկա պայմանագիր, թե ով է այդ հոսանքն առնելու, եթե խոսքը մասնավոր ներդրումների մասին է: Ըստ նրա՝ խոչընդոտը դա է:
«Նոր բլոկի շինարարությունը կարող է օրակարգ մտնել, եթե մեզ հաջողվի նաև այդ հոսանքը վաճառել ոչ միայն Հայաստանի ներսում, այլև Հայաստանից դուրս: Այդ դեպքում պայմանագրերով ապահովված ծավալի վաճառքը հնարավորություն է տալու խոսել նոր բլոկի շինարարության մասին», - ասաց Քոչարյանը՝ նշելով, որ նոր ատոմակայանի հոսանքը լինելու է ավելի թանկ, քան այսօրվանը, որովհետև ամորտիզացիայի հարց կա:
Նա նաև նկատեց, որ աշխատատեղերի առումով ատոմակայանը քիչ է, և հատկապես կանանց համար պետք է աշխատատեղեր ստեղծել Մեծամորում: