15/06/2021 14:41
Իշխանությունները խոստացել են կոռուպցիայի դեմ պայքար, իրենք այսօր թաթախվել են այդ նույն կոռուպցիայի մեջ. Ռոբերտ Քոչարյան
Ի՞նչ ունենք մենք որպես իշխանություն. բացարձակ դատարկություն՝ պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից, բացարձակ դատարկություն՝ կազմակերպչական ընդունակություններից. Մասիսում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Նաև բացարձակ դատարկություն՝ բարոյական տեսանկյունից։ Այս իշխանությունն իշխանության գալուց խոստացել է մեզ խաղաղություն, մենք ստացանք պատերազմ, զոհեր, տարածքային հսկայական կորուստներ։ Հետաքրքիր վարքագիծ է՝ այս իշխանությունը չի ուզում ընդունել, որ այս ամենի մեջ որևիցե մեղք ունի», - հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։
Նա ասել է, թե խոստացված թռիչքաձև աճի փոխարեն արձանագրվել է թռիչքաձև անկում, արտագաղթ, աղքատության, գործազրկության աճ։
«Խոստացել են կոռուպցիայի դեմ պայքար։ Իրենք այսօր թաթախվել են այդ նույն կոռուպցիայի մեջ, և իրենց այդ պայքարում մինչ այսօր չկա որևէ մեկ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ», - ասել է Ռոբերտ Քոչարյանը։