18/06/2021 12:14
Չուշացած անդրադարձ. քարացած կարծիք, թե քաղաքական գործընթաց. Կամո Աթայան
Վերջին շրջանում ՀՀ առաջին նախագահը լայն սպեկտրով տրված հարցազրույցներում մի շարք կարևոր մտքեր է արտահայտել:Եթե դրանք իրար մոտ դասավորենք ու համեմատենք ապա նույն հարցի մասին դատողությունները որոշ դեպքերում իրարից շատ կտարբերվեն…
Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ առաջին նախագահը ցանկանում է իր քաղաքական հոգեզավակին դուրս բերել մի փոսից , որը տեսականորեն նույնիսկ ՀՀ 4-րդ նախագահի առաջարկած քվանտային քաղաքականությամբ է անհնարին…
Ինչևիցե, կրկին Արցախի հիմնախնդիրն է օրակարգում, կրկին լսում ենք հին ու չարչրկված երգն առ այն, որ այդ հարցում մենք բարեկամներ չունենք, որ միջազգային հանրությունն ադրբեջանի կողմն է ու այդպես շարունակ:
Հարգելով առաջին նախագահի անձը, կարևորելով նրա մտավորական կերպարը, այնուհանդերձ այն կարծիքին էի և եմ, որ նա տենչում է գործնականում ապացուցված տեսնել իր ստեղծած պարտվողական «տեսությունն» առ Արցախ…
Ուրիշ ոչ մի առարկում չեմ բերում, բավական է միայն մեզ համար ոչ այնքան ընդունելի, ,,տխրահռչակ,, հայտարարված, մադրիդյան սկզբունքներին ուշադիր նայել, ու իսկույն կերևա, որ հետևողական լինելու և Արցախը բառիս բուն իմաստով` դե ֆակտո պահելու դեպքում, ժամանակի ընթացքում, ինքնորոշման իրավունքի գերակայությամբ հաստատ նվազագույնը նախկին ԼՂԻՄ-ի տարածքով ազատ, դե յուրե ճանաչված Արցախ էինք ունենալու, ու առանց վարանելու, շատ արագ, իրավական մի ակտով նորաճանաչ հանրապետությունը միանալու էր Մայր Հայրենիքին…
Այնպես, որ եկեք իրերն իրենց անուններով կոչենք, և ասենք, որ Արցախը չկարողացանք պահել,որ ազգովին սխալվել ենք դավադիր, հողատու, կիսագրագետ պոպուլիստին մեծ իշխանությամբ օժտելով ու դրանով փաստորեն դրել ենք Արցախի վերջի սկիզբը: Հիմա նույնիսկ չեն էլ կարողանում սուվերեն ՀՀ-ի սահմանները պահել, էլ ուր մնաց Արցախի հարցով զբաղվեն խեղկատակները:
Ժամանակն է սեփական քարացած, պարտվողական, հուսահատեցնող, ազգին թևաթափող կարծիքից ի վերջո անցում կատարել: Չէ որ աշխարհի քաղաքական և քարտեզը, և մոլորակի վրա ընթացող գործընթացներն անընդհատ փոփոխվում են, և ցանկալի է մտածված քաղաքկանությամբ պարզապես մեր ազգային հարցերի «վագոնը» կցել համաշխարհային այն ճիշտ «լոկոմոտիվին», որն այդ գնացքը կհասցնի հայերիս համար բաղձալի կայարան…
Հ.Գ. Ինչ վերաբերում է Հայաստանը և Արցախը «դատարկվելուն», ապա խնդիրը լուրջ է, և մեծ իմաստով այն սկսվել է հենց առաջին նախագահի կառավարման շրջանում, իսկ այնուհետև փոփոխական ընթացքով շարունակվել է: Այս օրերին հաճախ հնչող, վերջին ամիսներին հայրենիքից հեռացողների բավականին մեծ թվերը հետևանք են արցախյան պատերազմում կրած պարտության և այն մեծ հիասթափության, որի մեջ է ժողովուրդը…
Այնուհանդերձ այս թեման շատ լուրջ է ու իշխանափոխությունից հետո այն կարծում եմ անհրաժեշտաբար կքննարկվի ազգային օրակարգի ձևաչափով…