19/06/2021 17:53
Սա քաղաքական հետապնդում է՝ հրահանգված Նիկոլ Փաշինյանի կողմից. Սամվել Սողոմոնյանը՝ Արմեն Չարչյանի գործի մասին (Տեսանյութ)
Այս պահին տեղի է ունենում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի գործով դատական նիստը: Չարչյանը ձերբակալվել էր երեկ: Համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Արմեն Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։
«Այն, ինչ տեղի է ունենում պրոֆեսոր Արմեն Չարչյանի շուրջ, երկու բաղադրիչ ունի՝ իրավական ու մարդկային, բարոյական», - լրագրողների հետ զրույցում ասաց բժիշկ-վիրաբույժ, «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանը:
Իրավական բաղադրիչի մասով Սողոմոնյանը նկատեց, եթե որևէ անհայտ անձի կողմից արված ձայնագությունը տրամադրվում է իրավապահ մարմիններին, իրավապահ մարմինների պարտավորությունն է փորձաքննության ենթարկել ձայնագրությունը, հավաստիանալ, որ դրանում լսվողը համապատասխանում է Արմեն Չարչյանի ձայնին և մոնտաժված չէ: Եվ միայն փորձաքննությունից հետո է հնարավոր քրեական գործի հարուցում և սանկցիաներ:
«Իմ տեղեկություններով, մինչ այս պահը չկան փորձաքննության արդյունքներ և չկա եզարակցություն, որ իրավունք կտա այդ ձայնագրությունը որպես ապացույց կիրառել: Դիցուք, քրեական գործ եք հարուցել, ինչո՞ւ եք ձերբակալում այդ հարգարժան պրոֆեսորին: Գործը հարուցեք, համապատասխան ընթացակարգերով սահմանված ձեր գործողությունները արեք, ինչո՞ւ եք ազատությունից զրկում մի անձի, ով 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո առ այսօր գիշեր-ցերեկ վիրահատարանում զինվոր է բուժում, հազարավոր կյանքեր է փրկել», - նկատեց Սողոմոնյանն՝ ընդգծելով, որ Չարչյանն օրեր առաջ է վիրահատության ենթարկվել:
Նա իրավճակը որակեց որպես քաղաքական հետապնդում՝ հրահանգված վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից: