22/06/2021 16:45
«Հարությունյանի մտահղացումը հղի է անկանխատեսելի հետևանքներով». Արցախի նախագահի ու նրա հրաժարականը պահանջողների հանրահավաքները կանցկացվեն նույն հրապարակում՝ րոպեների տարբերությամբ
Այսօր՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է տեղի ունենալու, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Նա ընդգծել է, որ հանրահավաքը չի նախաձեռնվել որևէ քաղաքական ուժի կողմից և հանրության արդարացի պոռթկումն է ընդդեմ Արայիկ Հարությունյանի կեցվածքի՝ պայմանավորված Հայաստանի իշխանությունների հանդեպ նրա վերաբերմունքով:
Պատգամավորը նաև տեղեկացրել է.
«Այսօր առավոտյան, անակնկալի գալով Արայիկ Հարությունյանի ժամը 18:00-ի նախաձեռնած հավաքից, և գիտակցելով բոլոր այն հետևանքները, որոնք կարող են զգացմունքների ազդեցության տակ տեղի ունենալ, Ազգային Ժողովի երեք ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներով հանդիպել ենք Արայիկ Հարությունյանի հետ: Մեր կողմից առաջարկվել է, որ Արայիկ Հարությունյանը հանրությանն ուղղված իր խոսքը սփռի կա՛մ հեռուստատարբերակով, կա՛մ որևէ այլ օր կազմակերպի հանրահավաք:
Մեր առաջարկը չընդունվեց, բայց Արայիկ Հարությունյանը հավաստիացրեց, որ ժամը 18:40 ավարտված կլինի իր կողմից հրավիրված հավաքը և Վերածննդի հրապարակում որևէ խոչընդոտ չի լինի նախապես նշանակված հանրահավաքն անցկացնելու: Միաժամանակ նա վստահեցրեց, որ իր կազմակերպած հավաքի մասնակիցները պահպանելու են կարգուկանոն:
Մեզ հասած տեղեկություններով, արդեն իսկ երեկ երեկոյան գործի են դրվել բոլոր իշխանական լծակները՝ համայնքապետերի միջոցով բաժանվել են վառելիքի կտրոններ և նյութական հատկացումներ են կատարել մարդկանց ներկայությունն ապահովելու համար: Ինչպես նաև նախարարություններում և պետական հաստատություններում ուղղակի հանձնարարված է ղեկավարներին ապահովել իրենց աշխատակիցների ներկայությունը»:
Նա ընդգծել է՝ մնում են այն համոզմանը, որ Արայիկ Հարությունյանի այս մտահղացումը լի է արկածախնդրությամբ, հղի է անկանխատեսելի հետևանքներով և որևէ չնախատեսված ելքի պարագայում պատասխանատվությունը կրում են գործող իշխանությունները.
«Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ ենք անում չտրվել սադրանքների, չգնալ արկածախնդրության, հստակ ձևակերպել պահանջները և արժանապատվորեն տեր կանգնել սեփական իրավունքներին», - նշել է արցախցի պատգամավորը։