19/07/2021 13:02
Ադրբեջանը՝ Թուրքիայի հեռահար նպատակների իրականացման գործիք. Կամո Աթայան
Ավելի քան մեկ դար առաջ, ստեղծվելով բրիտանական և հատկապես թուրքական ակտիվ աջակցությամբ, «ադրբեջան» ինքնուրույն պետական միավոր, ըստ էության, չի եղել: Այդ արհեստածին կազմավորումը, որը շատ հարուստ է էներգակիրներով, շուտով հայտնվել է ԽՍՀՄ կազմում, որտեղ 70 տարի մնալուց հետո, երբ կայսրությունը փլուզվեց, Ադրբեջանն իրեն ինքնիշխան պետություն հռչակեց՝ գտնվելով ԱՊՀ և այլ կառույցներում: Շուրջ մեկ դարի պատմություն ունեցող այս կազմավորումը ներկայացնում է, որ այնտեղ բնակվող հիմնական էթնոսն ադրբեջանցիներն են: Այսինքն ստացվում է, որ մեծ հաջողությամբ ադրբեջանցի կարելի է անվանել (իրականում այդպես էլ կատարվում է) այդտեղ բնակվող քրդերին, թալիշներին, թաթերին, ուտիներին, լեզգիներին, ռուսներին, հրեաներին, ժամանակին նաև հայերին:
Բայց խոսքը հիմա դրա մասին չէ, և խնդիրն այնքան այդ տարածքները բնակեցնող էթնոսներին չի վերաբերում, որքան Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններին: Բանն այն է, որ ժամանակին Հեյդար Ալիևը հռչակեց թեզ, համաձայն որի այդ տանդեմը գործում է «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքով: Վերջին շրջանում այդ բանաձևը հաճախ է փոխվում ու ավելի ճիշտ դրանց հարաբերությունները նկարագրվում էր «երկու պետություն՝ մեկ բանակ» սկզբունքով:
Այս բանաձևի ճիշտ լինելն ապացուցվեց վերջին արցախյան պատերազմի ընթացքում: Բոլորին արդեն հայտնի է, որ հայկական կողմը պարտվեց 44-օրյա այդ պատերազմում: Սակայն ավելի ճիշտ ձևակերպումն այն է, որ հայկական կողմը պարտվեց ադրբեջանաթուրքաահաբեկչական բանակին կամ ավելի ճիշտ խաժամուժին, կամ էլ ադրբեջանական զինվորական համազգեստով թուրքահաբեկիչներին: Այս ամիսների ընթացքում եղան բազմաթիվ բացահայտումներ, որոնք հաստատում են այս պնդման ճշմարտացիությունը: Էլ չենք խոսում Բաքվի համատեղ հաղթանակի շքերթի, Արցախի օկուպացված տարածքներում լայնածավալ երկկողմ շինարարական և այլ ծրագրերի, Շուշիի համաձայնագրի ստորագրման ու այլ պայմանավորվածությունների մասին, որոնք հաստատում են վերոնշյալը: Այս ինտեգրացիան այնքան է խորացել, վերջին զարգացումներն այնպիսի բնույթի են, որ ստվերվել է Ադրբեջան պետության ինքնուրույն գոյությունն ու նրան ավելի շատ վերածել է թուրքական մի «վիլայեթի», որը մեկ-մեկ օգտագործում է նաև պետականության որոշակի սիմվոլներ:
Ահա թե ինչու հետպատերազմյա իրողությունների հաշվառմամբ, հաջողությամբ կարելի է պնդել, որ վերը նշված բանաձևերն այնքան էլ ներկա իրավիճակում ճիշտ չեն արտահայտում այդ պետությունների հարաբերությունները ու դա հիմք է տալիս պնդելու, որ Ադրբեջանն, ըստ էության, Թուրքիայի կազմի մեջ մտնող «վիլայեթի» կարգավիճակից փոքր-ինչ տարբեվող կարգավիճակ ունի, և այն հանդիսանում է Թուրքիայի հեռահար նպատակների՝ մեծ թուրանի, պանթուրքիզմի իրականացման ճանապարհին բավականին հաջող աշխատող մի յուրահատուկ գործիք:
Այստեղ չպետք է մոռանալ նաև էներգակիրների, ածխաջրերի մատակարարի գործառույթը, որը Թուրքիայի, և ոչ միայն, նկատմամբ հաջողությամբ իրականացնում է դրանցով հարուստ այդ տարածքը:
Դժբախտաբար պարտվելով պատերազմում, և ստորագրելով հայտնի կապիտուլյացիոն հայտարարությունը Հայաստանը այժմ այնքան է թուլացած, նրա ներկա իշխանություններն այնքան զուրկ են պետական մտածողությունից, որ կամա թե ակամա նպաստում են թուրքական հեռուն գնացող ծրագրերի կյանքի կոչման հայաստանասպան քայլերին: Խոսքը, մասնավորապես, միջազգային հարթակներում բավականին հնչեցվող «Զանգեզուրի միջանցքի» և ակնկալվող ապաշրջափակման մասին է, որն, ըստ էության, Սյունիքով իրար կմիացնի Թուրքիան, Նախիջևանը և Ադրբեջանը՝ դրանով իսկ նպաստելով թուրքական աշխարհի միասնականացմանը:
Հետպատերազմյա այս շրջանում բավականին ներդաշնակեցված է նաև Ադրբեջանի ու Թուրքիայի արտաքին քաղաքականության՝ դեպի Հայաստան ու Արցախ ուղղված վեկտորը:
Դրա մասին է խոսում թերևս «Լեռնային Ղարաբաղ» հասկացության, իրենց կարծիքով, արդեն իսկ պատմություն դարձած իրողությունը, հայերի ու ադրբեջանցիների կրկին միասին ապրելու վերաբերյալ «դատողությունները», ապաշրջափակման ու տնտեսության զարգացմանը միտված լոլոները և այլն: