20/07/2021 10:50
Արցախը՝ նախկին ինքնավար մարզի տարածքով Ադրբեջանին չթողնելն աշխարհասփյուռ հայության արժանապատվության հարցն է. Կամո Աթայան
Ինչքան էլ Ադրբեջանի բռնապետը հորջորջի, որ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթ ու վարչական միավոր արդեն չկա, այն անցել է պատմության գիրկը, առկա է մի իրողություն՝ Արցախի Հանրապետությունը ծանրագույն պատերազմից ու ողբերգական պարտությունից հետո, թեկուզև բզկտված, բայց գոյություն ունի, նորից վեր է հառնելու և երբեք արհեստածին ադրբեջանի կազմում չի լինելու՝ նվազագույնը նախկին ինքնավար մարզի սահմաններով:
Սա է բազում մաքառումների, զրկանքների, և նվիրյալ զավակների թափած արյան գնով ձեռք բերած այն նվազագույն արդյունքը, որն աշխարհասփյուռ հայությունն այս պահին կարող է ընդունել...
Ինչքան էլ բրիտանաթուրքական անհաջող ծրագիր հանդիսացող Ադրբեջանը փորձի իր այսպես կոչված պատմությունը գրել` այնտեղ ներառելով նաև Արցախը, միևնույն է՝ չի ստացվելու, քանզի պատմությունը ևս գիտություն է ու մոլորակը բնակեցնող համարյա բոլոր էթնոսները նրա նկատմամբ ադրբեջանցիներից տարբերվող կարծիք և հարգանք ունեն...
Ցանկացած ազգի պատմություն, որն ինչ որ տեղ նրա անցած ճանապարհն ու բնութագիրն է, ոչ թե հորինվում է, այլ գրվում է հիմնվելով գիտական արժեք ներկայացնող աղբյուրների վրա, այդ թվում նաև՝ այլազգի: Թե չէ մի օր քարեղեն հիշատակությամբ այս հայկական վանքն «ալբանական» է, մյուս օրը «ռուսական»՝ նայած «բարեբեր» քամին որտեղից է փչում...
Բայց այդպես չի լինում ու պատմագիտության նկատմամբ նման թեթևսոլիկ, քամհարական, բայց խիստ նպատակային մոտեցումը թերևս կարելի է անվանել «պատմություն ադրբեջանական ձևով ու մեկնաբանությամբ» , որի տեղն աղբանոցն է միայն...
Ինչքան էլ փորձեն ամեն ինչ աղավաղված, գլխիվայր շուռ տված ձևով ներկայացնել, միևնույն է՝ Արցախի հարցում Հայ ժողովրդի կամքն անկոտրում է, ու այն ինչ անցած պատերազմում տեղի ունեցավ մեծապես մեր մեղքով էր: Խելացի ազգերը իրենց սխալների վրա ավելի շատ են սովորում:Սա Հայ ժողովրդի համար մեծագույն դասերից մեկը եղավ, որը հետագա հաղթանակների հիմքերից է նաև...
Սահմանների ճշգրտում, շարժուղիների ապաշրջափակում, տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացում, այս բոլորի մասին խոսակցությունը և կոնկրետ քայլերը միայն ու միայն կլինի ինքնորոշման կարևորագույն սկզբունքի հենքով Արցախի կարգավիճակի հստակ սահմանումից հետո, որին էլ կոչված է ԵԱՀԿ Մինսկի խումբը: