21/07/2021 10:55
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ֆիզիկական տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել այն մասին, որ դա անընդունելի է․ սենատոր Ռոբերտ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Քերըն Դոնֆրայդի թեկնածության հաստատման լսումների ժամանակ իր մտահոգությունն է բարձրացրել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշման առնչությամբ, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
«Ադրբեջանն այժմ սահմանային վեճի արդյունքում ներխուժել է Հայաստանի ֆիզիկական տարածք, և ես կարծում եմ՝ նրանք կշարունակեն իրենց ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել այն մասին, որ դա անընդունելի է», - նշել է Մենենդեսը:
Ի պատասխան այս նկատառման՝ Դոնֆրայդը հայտարարել է, որ եթե այդ տեղեկությունը հաստատվի, ինքն այդ հարցով սերտորեն կհամագործակցի Մենենդեսի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ:
«Խիստ անհրաժեշտ է վստահ լինել, որ ցանկացած աջակցություն, որ մենք տրամադրում ենք Ադրբեջանին, որևէ կերպ չի խաթարում ուժերի հավասարակշռությունը, և որ մենք հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղի [խնդրի] կարգավորմանը», - ասել է Դոնֆրայդը:
«Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը սահմանափակում է ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ: