26/07/2021 10:06
Մարտակերտում ռուս խաղաղապահներն առաջին անգամ ծնունդ են ընդունել
Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքի շրջանային հիվանդանոցում մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները և հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման ռազմական բժիշկներն առաջին անգամ ծնունդ են ընդունել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Մարտակերտի շրջանային հիվանդանոց է դիմել հղի մի կին՝ գանգատվելով որովայնի ցավերից: Հիվանդանոցի ադմինիստրացիան՝ գիտակցելով, որ հիվանդանոցում և քաղաքում համապատասխան մասնագետ չկա, որոշում է կայացրել օգնություն խնդրել ռուս ռազմական բժիշկներից՝ խաղաղապահներից: Ռուսաստանի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման բժիշկները՝ ունենալով հսկայական փորձ և մասնագիտական պատրաստվածություն, ցուցաբերել են որակյալ օգնություն և փրկել կնոջն ու երեխային:
Բժշկական ընդունելության ընթացքում հատուկ նշանակության ստորաբաժանման բժիշկները խորհրդատվական և որակյալ բժշկական օգնություն են ցուցաբերել Մարտակերտի շրջանի հեռավոր բնակավայրերից 52 բնակչի:
Իր հերթին, մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցներն ակցիա են անցկացրել՝ բաժանելով պարենային փաթեթներ, առաջին անհրաժեշտության իրեր, տաք հագուստ և մանկական խաղալիքներ բազմազավակ ընտանիքներին, ներքին տեղահանված անձանց և կարիքավոր տեղի բնակիչներին: