26/07/2021 09:48
Թշնամին թշնամի է, բայց հայի թշնամի թուրքն ուրիշ է. Կամո Աթայան
Մարդկության պատմությունը միշտ էլ ուղեկցվել է պատերազմներով: Պատերազմները տարաբնույթ են՝ արդարացի, անարդարացի, տեղային, համաշխարհային, հայրենական, կրոնի հողի վրա և այլն:
Ամեն դեպքում, ինչպիսի պատճառներ էլ որոնվի, պատերազմի հիմնական շարժառիթներից մեկը ոտնձգությունն է դիմացինի տարածքի, հարստության նկատմամբ: Աշխարհում հազարավոր պատերազմներ են եղել, եղել են հաղթանակներ, պարտություններ, ռևանշիզմ, հաշտեցում և այլն: Վերջին մոտ 150 տարվա կտրվածքով աշխարհն ավելի ընդգրկուն պատերազմներ տեսավ, այդ թվում 20-րդ դարի երկու համաշխարհայինները, որոնց տասնյակ միլիոնավոր մասնակիցները տարեցտարի կատարելության հասած զինատեսակներով պարզապես հոշոտում էին իրար...
Բայց արի ու տես բավականին շատ են դեպքերը, երբ հակամարտող, իրար հոշոտող, նույնիսկ ցեղասպանող ազգերը հետագայում հաշտվում են ու խաղաղ գոյակցությամբ շարունակում իրենց կյանքը...
Հայի ու թուրքի հակամարտությունը նոր չէ, կարելի է նույնիսկ պնդել, որ այն սկիզբ է առել մոտ 10 դար առաջ, երբ այդ քոչվոր ցեղերը հեռավոր Ալթայից, արևելյան անապատներից ու տափաստաններից մուտք են գործել տարածաշրջան, ուր հիմնական էթնոսներից մեկը հայն էր...
Ինչպես հայտնի գիտնական, վերլուծաբան Ե. Սատանովսկին է օրերս նշում «Մեր իշխանության ուղեղը չի մտնում, որ Թուրքիան մեր ստրատեգիական թշնամին է, նրան չես կարող սիրաշահել, գնել, համոզել, պայմանավորվել, որովհետև թշնամի է և վերջ: Եթե մեր իշխանությունը ձգձգի Լեռնային Ղարաբաղի հետ կապված որոշում կայացնելու հարցում, ապա մի օր ստիպված կլինի զորքերը կիրառելու որոշում կայացնել Ղրիմում, կամ Մոսկվայի մատույցներում: Երևի թե սովորել ենք ամեն անգամ Մոսկվայի մատույցներում պաշտպանվել թշնամուց»։
Ամեն ինչ դիպուկ է ասված, միայն մնում է հարգարժան վերլուծաբանի ասածին ընդամենն ավելացնել շաբաթներ առաջ իմ մի նկատառումը, որ Արցախի ներկայիս տարածքը հավասար է Մոսկվայի զբաղեցրած տարածքին, հետևաբար, Ռուսաստանի համար այս դիրքում Արցախ պաշտպանելը համարյա հավասարազոր է Մոսկվայի մատույցներում Ռուսաստան պաշտպանելուն...
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա այն բազմակի անգամ ավելի թշնամական է, քան ռուս-թուրքական հարաբերությունները: Պատկերացնում եք, միայն վերջին 30 տարվա ընթացքում նախկին ԼՂԻՄ-ի տարածքը համարյա 70 տոկոսով տարբեր ժամանակներում օկուպացվել է ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից,և ստիպված այդ տարածքներից տասնյակ հազարավոր հայեր են տեղահանվել... Այո, այդ տարածքներում հայի շունչ չպիտի մնար, քանզի մնալու դեպքում ցեղասպանվելու էր...
Հրեան ու գերմանացին հաշտվել են Հոլոքոստից հետո, ռուսն ու գերմանացին հաշտվել են երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, և նման օրինակները շատ են, սակայն Թուրքիայի ու նրա բութ գործիք Ադրբեջանի հետ հարաբերություններ նորմալացնելը պրոբլեմ է նրանց հետ հակամարտության մեջ գտնվող բոլոր էթնոսների և, հատկապես, հայերի համար...
Օրինակները հին ու նոր տեսականիով ինչքան ուզեք՝ Հունաստան, Կիպրոս, Լիբիա, Սիրիա, Արցախ...
Նման կոնֆլիկտների դեպքում երբևէ արհեստական միջամտություն, պրոցեսների վրա արտաքին ազդեցություն ցանկալի չէ իրականացնել, հատկապես, եթե այն կրում է իմիտացիոն բնույթ ու բոլորն էլ տեսնում են, որ մեր դեպքում աշխատում է «հաշտեցում՝ ստորացնելով» տխրահռչակ բանաձևը: