27/07/2021 16:55
Իտալիայում խնձորի չափի կարկուտ է տեղացել
Իտալիայի կենտրոնական Էմիլիա-Ռոմանյա մարզում տեղացած ուժեղ կարկուտն արգելափակել է Պարմայի տարածքում գտնվող Իտալիայի գլխավոր A1 մայրուղու երթևեկությունը՝ վնասելով հարյուրավոր մեքենաներ և տներ:
Ըստ il Fatto Quotidiano-ի՝ կարկուտը երկուշաբթի կեսօրին անակնկալի է բերել ավտովարորդներին և տեղի բնակիչներին։ Սոցիալական ցանցերում հայտնված բազմաթիվ տեսանյութերի համաձայն՝ ծիրանի կամ խնձորի չափի կարկուտի գնդերը վնասել են մեքենայի ապակիները և հետքեր թողել մեքենայի թափքերի վրա:
Վարորդները, որոնք հայտնվել են աղետի էպիկենտրոնում, քամու, անձրևի ու կարկուտի պատճառով չեն կարողացել շարունակել մեքենա վարելը:
Պարմայի հարակից քաղաքներում, ըստ la Repubblica-ի, շատ շենքեր զրկվել են սալիկների մի մասից։